ՀՀԿ–ն ուզում է, որ ձևավորվի թաղային հեղինակություններ ունեցող խորհրդարան

ԸՕ նախագծի քվեարկությունը տապալելուց հետո Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել էր.

«Մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը ընտրությունների ժամկետներն անսպասելիորեն դեկտեմբեր բերելով էապես մեծացրեց սաբոտաժի հնարավորությունը:Ընտրություններից առաջ ընտրական օրենսգրքի բարեփոխումը Նիկոլ Փաշինյանի առանցքային խոստումներից էր, և չէր կարելի օրենսգիրքը չփոխած սկսել ընտրությունների պրոցեսը: Այդ դեպքում ԱԺ–ի վրա հանրային ճնշման հնարավորություն կունենայինք, եթե սենց սաբոտաժ արվեր:Հույս ունեմ, որ դեռևս կարելի է փրկել իրավիճակը և փոփոխել օրենսգիրքը»:

Այս գրառմանը հաջորդել էր այլ օգտատերերի գրառումներն այն մասին, որ ամենաահավորը Իոաննիսյանի վիճակն է, քանի որ նա 6 ամիս աշխատել է փոփոխությունների նախագծի վրա:

Օգտատեր Ֆիլիպ Արզումանյանն էլ տեսակետ էր հայտնել, թե՝ «նոր ընտրական օրենսգրքի տապալումը չպետք է անտեսվի, քանի որ դրա ընդունումը բխում է Հայաստանի շահերից։ Դանիել Իոաննիսյանի ամիսների աշխատանքը չի լինի անտեսված։ Ակնկալում եմ նոր զարգացումներ, կառավարության արտահերթ նիստ և ապագա ԱԺ նոր քվեարկություն», ինչին ի պատասխան Իոաննիսյանը գրել էր, որ հարցը ոչ թե իր աշխատանքն է, այլ՝ որ Ընտրական նոր օրենսգիրքը երկրին է պետք:

Ընդհանրապես, շատերն են համոզված, պարզից էլ պարզ է, որ ռեյտինգային կոչվող համակարգը նախկին իշխանությունների վրայով էր կարված, այն հաշվարկով, որ ինչ վիճակ էլ երկրում լինի, իրենց շարքերում կլինեն մարդիկ, ովքեր միայնակ կկարողանան անգամ մի քանի կուսակցության ձայներ ապահովել ՀՀԿ–ի համար: Կարճ ասած՝ ռեյտինգային համակարգը իրենց հագով է և ամենաշատը հենց նրանց է պետք այն պահպանել: Ու այդ ճանապարհին, մարդկանց համոզմամբ, նրանք ամեն քայլ էլ կփորձեին ձեռնարկել, որպեսզի առաջիկա 5 տարիներին իրենց աթոռները կարողանան ապահովագրել ԱԺ–ում:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դ. Իոաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ԱԺ–ում կատարվածի պատճառով եթե ինքը մեղքի բաժին ունի, ապա պատրաստ է ընդունել այն: Ինչ վերաբերում է ՀՀԿ–ի՝ օրինագծի ընդունումը տապալելուն, ապա, նրա կարծիքով, Հանրապետականը չի ուզում, որ Հայաստանում քաղաքական խորհրդարան ձևավորվի:

«ՀՀԿ–ն ուզում է, որ ռեյտինգային համակարգը մնա և ձևավորվի թաղային հեղինակություններ ունեցող խորհրդարան: Ինչ վերաբերում է Փաշինյանի կողմից ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն, ես ասել եմ, որ դա անակնկալ էր, և եթե ընտրությունները գոնե մեկ շաբաթ ավելի ուշ լինեին, մենք ավելի շատ ժամանակ կունենայինք: Բայց, պատգամավորների ստորագրությամբ, երկուշաբթի օրը ԱԺ արտահերթ նիստ կգումարվի: Մեր բախտը բերեց զուտ նրանով, որ առաջիկա շաբաթ օրը աշխատանքային չէ, հակառակ դեպքում այդ հնարավորությունը չէինք ունենա»,– ասաց Դ. Իոաննիսյանը:

Նա նաև նշեց, որ այս պահին հարցը փակված չի կարելի համարել և ինքը հիմնավոր ակնկալիքներ ունի, որ Ընտրական օրենսգիրքն, այնուամենայնիվ, կընդունվի:

«ԱԺ–ում կան բազմաթիվ պատգամավորներ, ովքեր տրամաբանորեն պետք է «կողմ» քվեարկեին, բայց նիստին ընդհանրապես ներկա չէին: Եվ ես կարծում եմ, որ եթե այդ պատգամավորները արտահերթ նիստին գան, ապա անհրաժեշտ 63 ձայնը կհավաքվի և օրինագիծը կընդունվի: Հակառակ դեպքում, հայաստանյան քաղաքական ապագայի համար գործող Ընտրական օրենսգրքով ընտրություններ անցկացնելու պարագայում շատ վատ հետևանքներ կլինեն: Այդ դեպքում խորհրդարանն ավելի պակաս քաղաքական կլինի, ինչը կազդի ներկայացվածության վրա, և քաղաքական մշակույթը Հայաստանում կզարգանա նվազագույնը 5 տարի ուշացումով: Եվ եթե ինչ–որ մեկը ավելորդ 5 տարի ժամանակ ունի և կարող է սպասել, ապա ես, որպես քաղաքացի, չեմ ուզում 5 տարով երկարաձգել քաղաքական մշակույթի զարգացումը»,– ասաց Դ. Իոաննիսյանը:

Նա նաև հավելեց, որ քաղաքական մշակույթի զարգացումն առաջին հերթին ձեռք չի տալիս կոռուպցիոն սխեմաներում ներգրավված անձանց, ուստի նրանք են փորձում ամեն ինչ անել, որպեսզի կասեցնեն այն: Ինչ վերաբերում է այլ տարբերակով՝ հանրաքվեի միջոցով նախագիծն անցկացնելուն, ապա նման սեղմ ժամկետներում դա նույնպես հնարավոր չէ իրականացնել և միակ հույսը մնում է արտահերթ նիստը:

Արմինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով