«Հիվանդացած արժեհամակարգը բուժելը երկարատև գործընթաց է»

«Հայք (Հայկազունիներ)» կուսակցության քաղաքապետի թեկնածու Գևորգ Հովսեփյանին զարմացրել է այն փաստը, որ անգամ այն համայնքներից, որտեղից իրենք քվեներ էին սպասում, չկարողացան ստանալ: Թեկնածուի դիտարկմամբ, չի բացառվում, որ անգամ իրենց համակիրներից կարող է ընտրություններին մասնակցած չլինեն:

«Մենք դեռ պետք է վերլուծենք, թե ինչն էր խնդիրը, որ այդքան քիչ մասնակցություն եղավ այն ընտրատարածքներից, որտեղից մենք բավականին շատ ձայներ էինք ակնկալում: Խոսքը հիմնականում Արաբկիր, Ավան և Նորք–Մարաշ վարչական շրջանների մասին է»,– ասաց Գևորգ Հովսեփյանը:

«Փաստի» լրագրողի հետ զրույցում նա նշեց նաև, որ չնայած ստացած ձայներն այնքան էլ իրենց չի գոհացրել, բայց փոխարենը իրենց համակիրների բանակն է մեծացել: Շատացել են զանգերը, ովքեր գոհունակություն են հայտնում ազգային արժեքների ու ընդհանրապես արժեհամակարգի վերականգնմանն ուղղված իրենց հայտարարություններին ու կոչերին:

«Պատկերացրեք, որ մարդիկ հուզվել են, որ մենք կարողացել ենք այն հարցերի մասին խոսել, ինչի մասին ոչ մի քաղաքական ուժ չի խոսում: Զանգահարողներից մեկն այնքան հուզված էր, որ նույնիսկ լաց էր լինում: Այսինքն, մարդիկ խեղված արժեհամակարգը վերականգնելու պահանջ ունեն, և զանգերը դրա մասին են խոսում»,– ասաց Գ. Հովսեփյանը:

Նա համոզված է, որ քարոզարշավի ընթացքում բարձրացված հարցերը՝ աղբահանություն, քաղաքային տրանսպորտ և այլն, ավելի հեշտ է լուծելը, բայց կորցրած արժեհամակարգը վերականգնելու համար տարիների, եթե չասենք սերունդների համառ աշխատանք է հարկավոր:

«Փողոցներում կուտակված աղբը մաքրելը մեկ օրվա գործ է, բայց հիվանդացած արժեհամակարգը բուժելը երկարատև գործընթաց է: Կարևորն այն է, որ մեզ հաջողվեց հասարակության ուշադրությունը հրավիրել մեր կողմից բարձրացված հարցերի վրա, որը հետագայում ավելի ցայտուն կերպով կարտահայտվի սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ: Ես հույս ունեմ, որ այդ ժամանակ ոչ թե աղբամանների մասին կխոսեն, այլ իրենց գաղափարախոսության, և արդեն ավելի ցայտուն կդառնան կուսակցությունների կողմից առաջարկվող արժեհամակարգային դրույթները: Իրականում, մեր ուզածն այն է, որ բոլոր կուսակցություններն, ի թիվս այլ հարցերի, խոսեն նաև մեր կորցրածի ու այն վերականգնելու մասին, խոսեն այն կեղծ արժեքների դեմ, որ ներկայում կա, խոսեն մեր արժեհամակարգի արմատավորման մասին»,– ասաց Գ. Հովսեփյանը:

Նա համոզված է, որ կուսակցությունները, որոնք իրենց ազգային են համարում, իր նշած ճանապարհով կգնան: Ի դեպ, քաղաքական պայքարի ժամանակ Գ.Հովսեփյանը ոչ թե իրենց ձայներն ավելացնելու կամ քաղաքական այլևայլ հնարքներ բանեցնելու միջոցով սեփական ռեյտինգը բարձրացնելու մասին է մտածում, այլ ավելի շատ օրախնդիր դարձած ազգայնականության հարցը բարձրացնելու մասին:

«Մենք գիտեինք, որ մեզ ո՛չ օլիգարխներն են ձայն տալու, ո՛չ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, ո՛չ էլ աղանդավորները: Բայց դա չի նշանակում, որ այդ հարցերի մասին չպետք է խոսել: Ընդհակառակը, անկախ ամեն ինչից, դրանք հարցեր են, որոնց մասին պետք է խոսվի ու բարձրաձայնվի: Եվ այն կուսակցություններն ու միավորումները, որոնք հավակնում են խորհրդարանական մանդատ ստանալ, բայց վախենում են իմ նշած համայնքների ներկայացուցիչների ձայները կորցնելուց, բոլորը պետք է նրանց մերժեն: Չի կարելի օտարածին երևույթների հանդեպ հանդուրժողականություն ցուցաբերելու գնով երկիր պահել: Այն կառույցները, որոնք չեն վախենում այդ ձայները կորցնելուց և պատրաստ են անգամ ձայներ կորցնելու գնով չլռել և իրենց դիրքորոշումը հայտնել, մենք բոլոր այդ ուժերի հետ պատրաստ են համագործակցել: Ինչ վերաբերում է ազգին ու ազգային արժեքներին, դա որևէ հաշվարկի չի կարող ենթարկվել: Մարդիկ իրենց ազգի ու հայրենիքի համար իրենց ամենաթանկ բանը՝ կյանքն են զոհաբերում:

Եվ եթե կան մարդիկ կամ կուսակցություններ, որոնք նույնիսկ իրենց քվեները չեն ուզում զոհաբերել, նման մարդկանց հետ մենք չենք կարող ճանապարհ գնալ»,– ասաց Գ. Հովսեփյանը:Խոսելով միջազգային կառույցների առջև Հայաստանի ստանձնած պարտավորությունների մասին՝ նա նշեց, որ եթե ազգային արժեհամակարգը վերականգնելու պահանջը դառնա հասարակության սեփականությունը, այդ ժամանակ որևէ կոնվենցիա էլ չի կարողանա Հայաստանին որևէ բան «ստիպել»:

«Հարկավոր է մարդկանց բացատրել, թե ինչպես են կեղծ և օտար արժեքներ սերմանելով՝ ազգային արժեքները թալանում: Կարևոր է, որ ժողովրդի մոտ սեփական ազգային արժեհամակարգը պահպանելու ներքին պահանջ ձևավորվի: Եթե մարդիկ հասկանան, որ երկիրը փչացնողները դրսի կապիտալից սնվող տարբեր կառույցներն են և դրանք պետք է դուրս մղվեն Հայաստանից, պայքարն ավելի արդյունավետ կլինի: Հենց դա պետք է մարդկանց բացատրել և երբեք չպետք է վախենալ ոչինչից»,– ասաց Գ. Հովսեփյանը:

 

Արմինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով