Հեղափոխության հրաշքային մասի հեղինակը Փաշինյանին ասելու բան ունի

Մասնագիտությամբ ինժեներ Լևոն Բաբայանը, ով արդեն 30 տարի է՝ զբաղվում է էզոթերիզմով, էզոթերիկ գիտնական է, իր խոսքով, վաղուց հաղթահարել է Արագածի հարավային լանջի հետ «լեզու» գտնելու բարդ գործը, որը համարվում է աշխարհի ամենակարկտահար տարածքներից մեկը: Եվ այդ «համագործակցության» արդյունքում 2011 թվականից Բյուրական գյուղն ազատվել է կարկտահարվելու վտանգից: Նա ասում է, որ Հայաստանում արդեն մի քանի անգամ կրկնվող տաք ձմեռների հարցում նույնպես ինքը բավականին ներդրում ունի, չնայած, որ հանգել է այն եզրակացության, որ բնության հետ «աշխատելը» բազում այլ հարցականներ է առաջացնում, և որոշել է այլևս չմիջամտել բնության տարերքներին:

Այս ամենին նա կարողացել է հասնել պատահականության տեսության և մաթեմատիկական հաշվարկների վրա հիմնված այս գիտության շնորհիվ: Իր այդ գիտելիքը տարբեր առիթների դեպքում նույնպես օգտագործում է և կարծում է, որ ինքը դեռ շատ անելիք ունի մեր երկիրը տարբեր մարտահրավերներից ու վտանգներից զերծ պահելու և շենացնելու հարցում:

«Էզոթերիկայի ճանապարհով ընթանալը բավականին դժվար է, բայց իմ խաչն էլ սա է: Սովորաբար ես աշխատում եմ, ստանում եմ արդյունք և հետո եմ այդ մասին բարձրաձայնում: Օրինակ, 2013 թվականին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրությունների ժամանակ հավաքեց 37 %, այդ արդյունքից նույնիսկ ինքն էր զարմացել, բայց քանի որ այդ ժամանակ հաշվարկները որոշ շտկումների կարիք ունեին, այդ պատճառով էլ այն ժամանակ իշխանափոխություն տեղի չունեցավ: Հակառակ դեպքում մենք 5 տարի առաջ կարող էինք հեղափոխություն իրականացնել մեր երկրում, բայց, ցավոք, այդ ժամանակ չստացվեց: Սովորաբար իմ աշխատանքի պրոցեսը շատ լուռ է ընթանում, դա է այս գործի բնույթը: Եվ չգիտեմ, թե ով կհավատա իմ խոսքերին, ով՝ոչ, բայց ես դեռ շատ մեծ գործեր եմ ցանկանում մեր երկրի համար անել: Քանի որ Հայաստանը պատերազմող երկիր է համարվում, իսկ մենք մեծ խնդիրների առջև ենք կանգնած: Ու որպեսզի շատ հարցերում հաջողենք, ես, անկախ ամեն ինչից, պարտավոր եմ իմ լուման ներդնել մեր երկիրը հնարավոր բոլոր ցնցումներից զերծ պահելու համար: Դա նաև Նիկոլ Փաշինյանն է ցանկանում: Ու թեև ամեն ինչ շատ նուրբ հարցերից է կախված, բայց տեսնենք, թե այդ ամենն ինչ ընթացք կստանա և ինչպես ես կկարողանամ դրանց միջամտել»,– ասաց Լ. Բաբայանը:

Նա ցանկանում է անձամբ հանդիպել Նիկոլ Փաշինյանին, քանի որ ասելու բան ունի, ինչը շատ կարևոր է: Օրինակ, թե ինչպես պատահեց, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Ավելին, իր մեջ ուժ գտավ ասելու՝ Նիկոլը ճիշտ էր, իսկ ինքը՝ սխալ: Ինչ վերաբերում է ներկա իրավիճակին, նրա խոսքով, հիմա շատերը դեռևս սպասողական վիճակում են գտնվում, բայց այն երկար շարունակվել չի կարող: Ու եթե իրոք ներգաղթ իրականացնելու ցանկություն կա, ապա որոշ քայլեր են հարկավոր, առանց որոնց ոչինչ էլ չի ստացվի:

Լ. Բաբայանը մեզ հետ զրույցում նշեց նաև, որ իր կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն այն էր, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Ինքը երեք տարի է աշխատել այդ օրն իրականություն դարձնելու համար: Եվ երբ բոլորը ժպտում, ցնծում և ուրախանում էին, ինքը տանը նստած հոնգուր–հոնգուր լաց էր լինում, քանի որ կարողացել էր հասնել իր նպատակին: Այդ ժամանակ միայն ինքը գիտեր, թե ինչքան ջանք է ներդրել երկիրը այդ հանգրվանին հասցնելու համար:

«Ես իմ առջև խնդիր էի դրել, որ ողջ ազգս ցնծա: Եվ դա տեղի ունեցավ երկու անգամ: Ես հպարտ էի, որ ինչ–որ չափով կարողացա օգնել, որ ազգս երկու նման հնարավորություն ունենա: Այդ երկու օրերն իմ կյանքի ամենաերջանիկ օրերն էին, և ես փառք եմ տալիս Աստծուն, որ այդ օրերի ականատեսը եղա ու ազգիս ցնծությունը տեսնելու ապրումները վայելեցի: Դա շատ մեծ հաջողություն էր ինձ համար»,– ասաց Լ. Բաբայանը:

Ինչ վերաբերում է իր խոսքերին հավատալ– չհավատալուն, նա նշեց, որ իր խոսքերը հաստատելու համար այնքան բացառիկ օրինակներ ունի, որոնք շատ բացահայտ են և այն ապացուցելու առանձնապես կարիք էլ չկա:

«Նիկոլ Փաշինյանն էլ է ընդունում, որ հեղափոխության ժամանակ հրաշքային իրադարձություն է տեղի ունեցել: Ես հենց այդ մասի հեղինակն եմ: Եվ վարչապետի այն խոսքերը, երբ ասում է, որ իրենք կախարդական «փայտիկ» ունեն, հենց այդ հրաշքային մասին է վերաբերում: Դա չնկատելը պարզապես կուրության նշան կարելի էր համարել, բայց, բարեբախտաբար, բոլորն են նկատել, որ թավշյա հեղափոխության ժամանակ ինչ– որ բացառիկ մի բան տեղի ունեցավ: Եվ դա հենց այն է, ինչի մասին ես բարձրաձայնում եմ: Ես չեմ կարող ձեռքերս ծալած նստել, և, անկախ ամեն ինչից, իմ գիտելիքը պետք է ներդնեմ երկրիս առաջընթացի և բարգավաճման ճանապարհով տանելու համար, բայց կան որոշակի «բայց»–եր, որոնց մասին պետք է անձամբ Նիկոլ Փաշինյանին տեղեկացնեմ»,– ասաց Լ. Բաբայանը:

Ելնելով Հայաստանի առջև առկա ներքաղաքական և արտաքին քաղաքական մարտահրավերներից՝ ասելիքը թեև շատ է, բայց դրանց մասին նա չի ցանկանում հրապարակայնորեն խոսել: Դա է պատճառը, որ ընդամենը մեկ հանդիպում է ցանկանում ունենալ Նիկոլ Փաշինյանի հետ, ուստի հույս ունի, որ իր այդ ցանկությունն էլ կիրականանա:

 

Արմինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով