Հանրապետականը՝ ՀՀԿ–ից ՔՊԿ գնացածների մասին

Այս պահի դրությամբ ԱԺ նախկին պատգամավոր Համլետ Հարությունյանին ՀՀԿ–ից որևէ առաջարկ չի արվել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Բայց, եթե նման առաջարկ լինի, ապա նա ոչ թե միանգամից կմերժի, այլ կմտածի՝ ընդունել այն, թե չընդունել: Ինչ վերաբերում է ՀՀԿ–ի ներկա վարկանիշին, ապա, նրա կարծիքով, համաներումը միայն բանտարկյալներին չպետք է վերաբերի: Համազգային համաներման արժանանալու համար Հանրապետականն այսօր պետք է ապացուցի, որ ինքն արժանի է դրան:

«Դա և՛ դժվար է, և՛ դժվար չէ: Եթե կուսակցությունը մաքրվի, ու մնան այն հանրապետականները, որոնք գաղափարակիրներ են, դրանից բացի, կուսակցությունն իր ներսում կարողանա կառավարման նոր համակարգ ձևավորել, ապա կարող է համաներման արժանանալ: Բայց եթե կուսակցությունում չկա ներքին դեմոկրատիա, ապա այդ կուսակցությունն ապագա ունենալ չի կարող: Բավականին ժամանակ է՝ ես ակտիվ քաղաքականությունից դուրս եմ եկել, չնայած շարունակում եմ ՀՀԿ խորհրդի անդամ լինել: Ուժերիս ներածի չափով օգտակար եմ լինում մեր կուսակցությանը: Եվ, ի տարբերություն շատ շատերի, կարծում եմ, որ մեր քաղաքական դաշտում Հանրապետականն ամենակայացած կուսակցությունն է և բոլոր հնարավորություններն ունի առաջիկա ԱԺ–ում ներկայացված լինելու համար»,– ասաց Հ. Հարությունյանը:

Նրա դիտարկմամբ, բոլորը խոսում են ՀՀԿ–ի բացթողումների մասին, որոնք շատ– շատ են, սակայն չկա մեկը, ով կուսակցության ղեկավարման տարիների ձեռքբերումները ներկայացնի: Օրինակ, ամուր պետականությունը, որն այսօր փոխանցվել է մեկ այլ կուսակցությանը, ըստ Հարությունյանի, ձեռքբերում է, բայց որևէ մեկն այդ մասին չի խոսում:

«Ես կարող եմ բոլորից ավելի շատ թերություններ ասել, բայց այսօր ոչ թե դրանք պետք է թմբկահարել, այլ ասել նաև, որ բազմաթիվ թերությունների հետ միասին ունեցել ենք նաև ձեռքբերումներ: Ես առանձին անհատների, թալանչիների, կաշառակերների, օրինազանցների մասին չեմ խոսում, այլ խոսում եմ կուսակցության ղեկավարման տարիների մասին: Կուսակցության 150 հազար անդամները մեղավոր ե՞ն, որ մի նախարար, մի հրամանատար, մի դատախազ կամ դատավոր կաշառք վերցնելով է զբաղվել»,– ասաց Հ. Հարությունյանը:

Հրաժարվելով որևէ անուն նշել՝ նա ասաց, որ ովքեր ժամանակին արատավորել են Լևոն Տեր–Պետրոսյանի անունը, հետագայում ՀՀԿ–ի անունն ու համբավն են արատավորել: Հիմա էլ գնացել և հերթ են կանգնել այսօրվա իշխանական կուսակցության մեջ մտնելու համար:

«Նրանք դավաճանի հոգեբանություն ունեցող մարդիկ են, և հենց նրանց պատճառով է կուսակցությունը սխալներ գործել: Նրանց ես շատ լավ եմ ճանաչում ու դեռևս 10, 20 տարի առաջ եմ ասել, որ նրանց բերում են Հանրապետական կուսակցություն, որ ի՞նչ անեն: Նրանք Կոմունիստական կուսակցությանը դավաճանել են, ՀՀՇ–ին դավաճանել են, այսօր էլ շատ հանգիստ գնացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն: Մեկը տղային է առաջ քաշում, մյուսը՝ մորաքրոջ տղային: Բոլորը հերթ են կանգնել, որ մի տեղ տեղավորվեն, իսկ Հանրապետականում այսօր մնացել են մարդիկ, ովքեր գաղափարակիրներ են: Եվ դա շատ լավ է նաև կուսակցության համար: Խոշոր դաս էր, որ այսուհետ նման պատեհապաշտ մարդկանց չբերեն լցնեն ՀՀԿ և հետո խայտառակ իրավիճակի առջև կանգնեն: Նման մարդիկ բոլոր ժամանակներում, զարմանալի կերպով բոլոր ժամանակներում հաջողություն են ունենում: Ես վստահ եմ, որ եթե ՀՀԿ–ն նորից իշխանության գա, նրանցից շատերը նորից հետ կգան ու կսկսեն ապացուցել, որ իրենք ամենաարմատական հանրապետականն են և այդ ճանապարհով նորից իրենց տեղը կգտնեն»,– ասաց Հ. Հարությունյանը:

ՀՀԿ–ականը, լավ իմանալով ճամբարափոխների հոգեբանությունը, Փաշինյանին խորհուրդ տվեց, որ եթե ուզում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քանդուքարափ լինի, ապա այդ մարդկանց պետք է ընդունեն իրենց կուսակցության շարքերը:

«Նման մարդիկ երբեք չեն կարող հայրենասեր լինել, և նման քաղաքական դավաճանները որքան շատ ընդունվեն նրանց շարքերը, այնքան Հանրապետական կուսակցության համար լավ կլինի: Եթե նրանք չլինեին, Հանրապետականն այսօր այս վիճակում չէր լինի, իսկ այն մարդիկ, ովքեր ՀՀԿ–ից գնացել են ՔՊԿ, ամեն ինչ կանեն, որ նույն վիճակում այսօրվա իշխանությունները հայտնվեն: Մենք հիմա ընդդիմություն ենք, և բնական է, որ ընդդիմությունը միշտ էլ ուզում է, որ մրցակցային պայքարում իշխանությունը սխալներ թույլ տա: Եվ եթե այդ կաշառակերները, սրիկաները, գանձագողերը չլինեին, ովքեր կուսակցության անունից էին գործում, մեր կուսակցությունն այս օրին չէր հասնի: Նիկոլը նրանց նման շատ շատերին պետք է բռնի: Ես միշտ էլ քննադատել եմ կուսակցության ղեկավարությանը, որ նման մարդկանց հնարավորություն են տվել մտնել ՀՀԿ: Ինձանից սկսած՝ բոլորս ենք մեղավոր, քանի որ կարող էի ավելի արմատական քայլեր անել թույլ չտալու, որ նրանք անդամակցեին ՀՀԿ–ին»,– ասաց Հ. Հարությունյանը:

Նախկին պատգամավորն արմատական քայլեր թեև չի կատարել դավաճանների մուտքը ՀՀԿ կանխելու համար, բայց իր քննադատական կեցվածքի պատճառով քիչ հալածանքների չի ենթարկվել «հարազատ» կուսակիցների կողմից: Եվ դա է պատճառը, որ զրկվել է պատգամավորական մանդատից: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ իրեն պատժել են քննադատելու համար, ու իր փոխարեն կաշառակերներին են դարձրել պատգամավոր, ովքեր այս օրերին անգամ ի վիճակի չեն պաշտպանել Հանրապետական կուսակցությանը:

«Եթե ես Ազգային ժողովում լինեի, ինձ էդպես կդրսևորեի՞: Բացի մի քանիսից, մնացածի վարքագիծը նայեք: Մտել են անկյուններ ու սպասում են, տեսնեն՝ հնարավորություն կա՞ թռնեն նոր իշխանությունների ցուցակ ու այդպես գան խորհրդարան: Ես շատ ուրախ եմ, որ վերջին իրադարձություններին ներկա չեմ գտնվել, ու այս ԱԺ–ի մաս չեմ կազմել: Բայց հիմա եթե Հանրապետականը ԱԺ–ում ներկայացված չլինի, ապա դա կնշանակի, որ հայ ժողովուրդը թքած ունի այն գաղափարների վրա, որ մեր ազգի փարոսն են: ՀՀԿ–ն միշտ իր ազգային պահպանողական գաղափարախոսությամբ առաջին տեղում է լինելու՝ անկախ նրանից, թե խորհրդարանում քանի պատգամավորով ներկայացված կլինի: Եվ դա այդպես էլ կմնա»,– ասաց Հ.Հարությունյանը:

Արմինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով