«Հանձնաժողովի անդամները հիմնականում ձեռքները վեր բարձրացրած էին նիստերի մտնում»

Իրականում ամբողջ մենաշնորհային դաշտը վաճառված է օտարերկրյա ընկերություններին: Այսինքն՝ հեռահաղորդակցությունը, էներգետիկան, գազը, բոլորը տրված է օտարին՝ սեփականության իրավունքով, իսկ ջուրը՝ ընդամենը կառավարման իրավունքով է հանձնվել ֆրանսիացիներին: Ասել է թե, ցանկացած պահի մենաշնորհների սեփականատերերը կարող են ժողովրդին մատակարարվող գազի, էլեկտրաէներգիայի և հեռահաղորդակցության «ռուբիլնիկն» անջատել ու մեկ վայրկյանում երկիրը մթի, ցրտի ու խավարի անդունդը գլորել:

Հասարակական պաշտպանների միության նախագահ Արամ Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք բազմիցս բարձրաձայնել են, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փաստացի չի իրականացնում իր գործառույթը՝ չի պաշտպանում սպառողի շահերը: Այն ոչ թե պետության որոշումները դակողի դերում պետք է լիներ, այլ հավասարակշռողի, անկախ և՛ իշխանություններից, և՛ ծառայություններ մատուցող ընկերություններից: Եվ մասնավորի շահերը սպասարկելու փոխարեն նա պետք է սպառողների շահերով առաջնորդվեր:

«Սակագները պետք է ձևավորվեին այդ հավասարակշռման պայմաններում: Մենք մշտապես բարձրաձայնել ենք այս խնդիրը: Ինչ վերաբերում է «Վեոլիա ջուր» ընկերություն–ՀԾԿՀ աղմուկին, ապա հանձնաժողովը որևէ գործարքի չպետք  է գնար: Դա օրենքի խախտում է: Նազարյանը երբ ասում է, որ ինքը կապ չունի ջրի սակագնի սահմանման հետ, այդտեղ որոշակի ճշմարտություն կա, բայց պետք է հասկանալ, թե ինչու կապ չունի հանձնաժողովը դրա հետ: Երբ ժամանակին պայմանագիր էր պատրաստվում «Վեոլիա ջուր» ընկերության և Հայաստանի կառավարության միջև, այդ գործընթացին մասնակցում էր նաև ՀԾԿՀ–ն: Եվ ինքը պարտավոր էր այնպիսի պայմանագրի հավանություն տալ, որպեսզի հետո սակագնի ձևավորման հարցում ինքը գործառույթ ունենար: Բայց պայմանագիր է կնքվել, որտեղ իրականում հանձնաժողովն անելիք չունի: Կարող է ընդամենը սակագնի ճշգրտում իրականացնել՝ ելնելով էլեկտրաէներգիայի գնի, ինֆլ յացիայի և ջրի օգտագործման ծավալների տատանումներից»,– ասաց Ա. Գրիգորյանը:

Այսինքն, ջրի սպառման ծավալների ուսումնասիրությունը, որը բավականին շոշափելի դեր պետք է ունենար սակագնագոյացման վրա, հանձնաժողովականները չեն կարող իրենց «վրայից գցել»: Առավել ևս, որ ՀԾԿՀ մոնիթորինգի վարչությունը բավականին մեծ է և պետք է որ կադրերի պակաս չունենար և կարողանար այդ գործով զբաղվել ի շահ ժողովրդի: Բայց արի ու տես, որ նրանք էլ ոչ մի գործ չեն արել:

«Երկրի զարգացման քաղաքական իրավիճակը ստիպել է, որ հանձնաժողովը գործի այնպես, ինչպես գործել է: Իսկ հանձնաժողովն էլ չի փորձել որպես անկախ մարմին հանդես գալ: Եթե երկրի վարչապետն ու նախագահը ինչ–որ բան են ասել, ապա հանձնաժողովը պետք է այնքան կշիռ ունենար, որ կարողանար ասել, որ պարտավոր չի իրականացնել: Ավելի լավ կլիներ, որ հանձնաժողովի նախագահն ու անդամները զրկվեին իրենց աթոռներից, քան իրականացնեին այն, ինչ Հայաստանում իրականացրել են: Նման կառավարումն անթույլատրելի էր: Փաստորեն, հիմա մենք Իրանից չենք կարողանում գազ ներկրել, քանի որ գազատարները 100 %–ով պատկանում են ռուսական «Գազպրոմ» ընկերությանը: Նման իրավիճակում հայտնվեց Հայաստանը 2013 թվականի դեկտեմբերի 2–ին, երբ Ռուսաստանի հետ կնքեց ստրկացուցիչ գազային պայմանագիրը»,– ասաց Ա. Գրիգորյանը:

Կարճ ասած՝ հիմա մենք կախված ենք օտարերկրյա ընկերությունների ցանկություններից, իսկ եթե ընդամենը գազատարը մեր սեփականությունը լիներ, մենք կկարողանայինք այլ քաղաքականություն դրսևորել: Դա ոչ միայն ռազմավարական, այլև ազգային անվտանգության խնդիր է, որին նախկին իշխանությունները կա՛մ առանձնապես ուշադրություն չեն դարձրել, կա՛մ էլ սեփական շահերի տեսանկյունից ելնելով՝ փորձել են այդկերպ լծակները իրենց ձեռքում պահել:

Ի դեպ, ՀԾԿՀ–ի բյուջեն նույնպես ձևավորվում է սակագներից: Այսինքն, Նազարյանի հանձնաժողովականները ժողովրդի գրպանից սակագնի տեսքով քամված փողերի հաշվին են նման բարձր աշխատավարձ ստանում: Եվ այդ է պատճառը, որ սակագները միայն աճում են:

«Մեր կողմից վճարվող գազի, լույսի, էլեկտրաէներգիայի սակագնի մեջ հաշվառված են նաև հանձնաժողովի ծախսերը: Եվ այն ձևով, ինչպես այս հանձնաժողովն է աշխատել, ստացվում է՝ բեռ է եղել ժողովրդի վրա: Հանձնաժողովը նախարարության նման է գործել, չնայած պետք է դատավորի դեր իրականացներ, բայց այն երբեք սպառողների փաստարկները չի լսել, որովհետև իրեն պետք չի եղել: Հանձնաժողովի նիստերից մեկի՝ «Գազպրոմի» 20 %–ի վաճառքի ժամանակ ես Նազարյանին ասացի, որ ինքը պետական դավաճանությամբ  է զբաղվում, որի համար իրեն լուրջ պատիժ է սպառնում: Բայց նա, քանի որ մշտապես արհամարհել է սպառողների շահերը, դրանից առանձնապես չհուզվեց: Հանձնաժողովի անդամները հիմնականում ձեռքները վեր բարձրացրած էին նիստերի մտնում, իսկ մնացածը սովորական բեմադրություն էր: Պարզ երևում էր, որ եկել են՝ «կողմ» քվեարկեն, գնան: Ասում էինք, գոնե ձեռքներդ իջեցրած մտեք նիստերին: Ու եթե նոր իշխանությունները շահագրգռված են, որ այս հարցերը լուծվեն, պետք է դաշտի փորձագետներին լսեն և այդ բնագավառում փոփոխություններ իրականացնեն, քանի որ հանրային ծառայությունների կարգավորումը երկրի տնտեսությունը ճիշտ զարգացնելու հեռանկարն է»,– ասաց Ա. Գրիգորյանը:

 

Արմինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով