Հայկական իրականություն՝ 100 տարի անց

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, խոսելով նախորդ դարի առաջին քսանամյակի և ներկայի մասին, նշեց, որ թեև նմանությունները մեծ չեն, բայց 1920–ական և այսօրվա արտաքին քաղաքական առումով որոշ նմանություններ կան: Հատկապես Ռուսաստան– Թուրքիա մերձեցման նմանությունների առումով, որը Հայաստանի համար աղետալի հետևանքներ ունեցավ: Բայց հարյուր տարի առաջ և ներկա մերձեցումների միջև կան նաև տարբերություններ, ինչը, ըստ պատմաբանի, թույլ չի տա ընդհանուր ճակատ ձևավորելով՝ ազդել Հայաստանի վրա:

«Բարեբախտաբար, Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների միջև լուրջ խոչընդոտներ կան: Մասնավորապես, խոսքը Ղրիմի հարցին է վերաբերում: Ինչու չէ՝ նաև Օսեթիայի և Աբխազիայի հարցերին է վերաբերում, քանի որ Թուրքիան քանիցս հայտարարեց, որ ո՛չ Օսեթիայի, ո՛չ Աբխազիայի հարցում չի աջակցի Ռուսաստանին և կողմ է Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Այս առումով իրավիճակը նման չէ նախորդ դարի 20–ական թվականներին, երբ Ռուսաստանը, քեմալական Թուրքիան և Ադրբեջանը եռակողմ գործում էին անկախ Հայաստանի դեմ, ինչն ավարտվեց առաջին հանրապետության կորստով»,– ասաց Ա. Մելքոնյանը:

Գիտնականը համաձայն է մտքի հետ, որ երբ բոլոր կողմերը սկսում են Հայաստանի դեմ միավորվել, սովորաբար եղած հակասությունները կա՛մ շրջանցում են, կա՛մ մի կողմ են դնում: Բայցև նշեց, որ անցյալ և ներկա դարերի նույն ժամանակաշրջանի համեմատությունը ցույց է տալիս, որ այս առումով այսօր իրողությունները փոքր–ինչ այլ են: Եվ չնայած Առաջին համաշխարհային պատերազմին, արդեն 20–ական թվականներին Ռուսաստանի և Թուրքիայի միջև հակասություններ գրեթե չկային:

«Նախկին թշնամի երկրները, որոնք պատերազմում էին Առաջին աշխարհամարտի ժամանակ, դարձել էին բարեկամներ, որովհետև ունեին ընդհանուր թշնամի ի դեմս Անտանտի: Դրանից բացի խնդիրներ չկային նաև Ռուսաստանի և Թուրքիայի մոտեցումներում: Օրինակ, երկուստեք որոշել էին թուրքական զորքերով խորհրդայնացնել Հայաստանը: Թուրքական բանակն էր, որ 1920 թվականի նոյեմբերի սկզբին մտավ Ալեքսանդրապոլ և այնտեղ հռչակեց խորհրդային իշխանություն: Դա զավեշտալի երևույթ էր, քանի որ օսմանյան թուրքերը կարմիր գլխարկներով և աստղերով, օգտագործելով Ռուսաստանի բարեկամ լինելու հանգամանքը, մտել և խորհրդայնացնում էին Հայաստանը»,– ասաց Ա. Մելքոնյանը:

Ի դեպ, այդ քայլը նախօրոք պլանավորված է եղել նույն տարվա սեպտեմբերին մուսուլման ժողովուրդների համագումարում ընդունված պակտով: Այդ տարիներին Ռուսաստանն ահռելի օգնություն է ցուցաբերել քեմալական Թուրքիային, որից հետո հույների դեմ մղված ճակատամարտի միջոցով վերացնելով նաև Թուրքիային սպառնացող արևմտյան ճակատը՝ կարողացան հարցերը լուծել նաև Հայաստանի հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով