«Կարևոր հարցերը ստորադասվում են ինչ-որ նկատառումների». Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը թեև համարում է, որ մեր երկրում ոչ թե թավշյա հեղափոխություն է եղել, այլ իշխանափոխություն, առաջիններից և գուցե միակն էր, ով մասնակցեց «Իմ քայլը» նախաձեռնությանը: Իշխանափոխությունից հետո, սակայն, նա ակնկալում էր, որ «Սերժին մերժելուց» հետո նոր իշխանությունների առաջին քայլը նոր Սահմանադրության ընդունման հարցը կլինի, բայց իրադարձություններն այլ ճանապարհով ընթացան:

այրիկյանը սկսեց Փաշինյանին հիշեցնել, որ երկրում կատարվող փոփոխություններից առաջինի և ամենակարևորի մասին, սակայն՝ ապարդյուն: Երկար ժամանակ նրա հորդորներն անտեսվում էին նոր իշխանությունների կողմից, բայց երբ վարչապետի պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ Փաշինյանն ակնարկեց նաև Սահմանադրական փոփոխությունների մասին, Պ. Հայրիկյանը կարծես կրկին գոտեպնդվեց:

Հիշեցնենք, որ 2015–ին ընդունված Սահմանադրության մասին Հայրիկյանը «Փաստի» հետ զրույցում նշել էր, որ դա ոչ թե Սահմանադրություն է, այլ Սահմանադրության տնազ: նա առաջարկում էր հանրաքվեի ժամանակ այլընտրանքային բովանդակություն ունեցող Սահմանադրության նախագիծ էլ ներկայացնել, սակայն այդ առաջարկն անտեսվեց օրվա իշխանությունների կողմից, քանի որ պատվերն այլ էր: Խոսքը ԱԻՄ–ի առաջարկած Սահմանադրության տարբերակի մասին է: Գործող Սահմանադրությամբ սահմանադրական փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է 200 հազար ստորագրություն, բայց քանի որ իշխանափոխությունից հետո կար ժողովրդի մեծ մասի հավանությանն արժանացած վարչապետ, Պարույր Հայրիկյանը կարծում էր, որ նա կօգտվի իր այդ լիազորությունից և կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ: «Այդ 200 հազար ստորագրությունը նախատեսված էր հակաժողովրդական իշխանությունների դեմ օգտագործելու համար: Իսկ եթե կա ժողովրդի շահերով առաջնորդվող վարչապետ, հավատում ենք, որ կներկայացնի մեր նախագիծը և ընդամենը վեց ամսվա ընթացքում Հայաստանը կդառնա աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը»,– ասել էր Հայրիկյանը:

Հիմա ունենք այն, ինչ ունենք, իսկ Հայրիկյանը շարունակում է պնդել, որ առանց այդ փոփոխության ոչ միայն նորմալ երկիր կառուցել չի լինի, այլև՝ ապագա: Նա թեև նպատակահարմար չի համարում 200 հազար ստորագրություն հավաքելու ճանապարհով սահմանադրական փոփոխությունների գնալու տարբերակը, քանի որ այդ դեպքում կստացվի, որ դեմ է ներկայի իշխանություններին, բայց դեռևս սպասում է իշխող ՔՊ կուսակցության արձագանքին, որն առայժմ չկա: «Փաստ» օրաթերթը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանից փորձեց տեղեկանալ, թե ինչ դիտարկում ունի ներկա ներքաղաքական իրավիճակի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու փաստի վերաբերյալ և ընդհանրապես, ըստ նրա, արդյո՞ք ներկայում ամենահրատապ հարցը շարունակում է սահմանադրական փոփոխությունները մնալ:

«Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու հարցն ինձ բոլորովին չի մտահոգում, բայց որ կարևորագույն հարցերը ստորադասվում են ինչ–որ նկատառումների, դա անհանգստացնում է: Խոսքս Սահմանադրության մասին է»,– ասաց ԱԻՄ առաջնորդը:

Արդյո՞ք դա է այսօրվա առաջնային խնդիրը հարցին նա պատասխանեց, որ թե՛ երեկ, թե՛ այսօր և թե՛ վաղը դա է առաջնային խնդիրը:

«Դա կարելի էր 3–4 ամսում իրականացնել, հատկապես, որ Սահմանադրության նախագիծը կա, բայց մենք այդ ժամանակը բաց թողեցինք»,– ասաց Հայրիկյանը:

Հասարակական–քաղաքական գործչի ներկայացմամբ, դրա պահանջն առաջնային է բոլոր մտածող մարդկանց ու շատ կուսակցությունների ներկայացուցիչների համար: Նա համաձայն է նաև, որ Փաշինյանին «ժառանգություն» հասած Հայաստանում բազմաթիվ խնդիրներ կան: Սպասելիքներն էլ նոր իշխանություններից չափազանց մեծ են: Կարճ ասած, ներկա իշխանությունների ուսերին այնքան բեռ կա, որ դրա տակից դուրս գալը բավականին ջանք է պահանջում:

«Փաշինյանի ուսերին, իրոք, հսկայական բեռ կա, որը տանելը, կարծես թե, այդքան էլ հեշտ չէ նրանց համար: Դա երևաց նաև Վանեցյանի հայտարարությունից, երբ ասաց, որ այլևս հրապարակային չի աշխատելու:

Նա մոռանում է, որ հանրության համար է աշխատում, և այդ պարագայում ինչպե՞ս նա կարող է հրապարակային չաշխատել: Բայց այսօրվա խնդիրը ոչ թե այդ բեռի տակ կքելն է, այլ առանց ժամանակ վատնելու իշխանության ղեկը նոր ընտրությունների միջոցով ձևավորված իշխանություններին փոխանցելը: Պետք չէ մոռանալ, որ իշխանությունը ժողովրդինն է, իսկ հավերժական իշխանավորը՝ քաղաքացին: Եվ այդ համակարգը տալիս է Հայրիկյանը: Պարզապես պետք է այնպես անել, որ իշխանության տերը դառնա ժողովուրդը, որ ինչ իշխանություն էլ գա, քաղաքացին շարունակի իրավիճակի տերը մնալ»,– ասաց Պ. Հայրիկյանը:

Ըստ նրա, բոլորը պետք է հասկանան մեկ բան, որ եթե բոլորը նպատակաուղղված աշխատեն, ապա ոչ միայն Քոչարյանը, այլև Հայրիկյանը կամ մեկ ուրիշ քաղաքական գործիչ չի կարողանա իրավիճակի տերը դառնալ: ԱԻՄ առաջնորդը հենց այդ մեխանիզմների ներդրման մեջ է տեսնում Հայաստանի առջև ծառացած բոլոր խնդիրների լուծումը, իսկ մնացածն, ըստ նրա, պայմանականությունների ժանրից է: Նորմալ երկիր ունենալու համար նա ուզում է քաղաքացուն դարձնել երկրի տերը ոչ թե խոսքով, ճառերով կամ հեքիաթներով, այլ գործով՝ Սահմանադրությամբ: Բայց քաղաքացու ներկա կաիքների զամբյուղում արդյո՞ք 5 կամ 10 հազար ընտրակաշառքն ավելի մեծ տեղ չունի, քան սեփական իրավունքների կարևորությունը գիտակցելը հարցին Հայրիկյանը պատասխանեց. «Մարդուն մինչև հեծանիվ չտաս, վարել չի սովորի: Իսկ եթե ասենք՝ «հանկարծ չնստես, որ չընկնես ու չջարդվես», նա երբեք էլ հեծանիվ քշել չի սովորի: Քաղաքացիների մի զգալի մասը գիտի, որ ինքն է երկրի տերը, մյուսներն էլ, ովքեր չգիտեն, պետք է սովորեն»:

 

Արմինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով