«Խորհրդարանը լուծարելու այլ տարբերակ չկա»

Հասարակության մի մասը թեև կարծում է, որ այնուամենայնիվ երկրում ստեղծված են աշխատանքային բոլոր պայմանները, որպեսզի երկիրը բնականոն հունով առաջ գնա, սակայն մյուս մասի կարծիքով երկրում ստեղծվել է աբստրակտ իրավիճակ, քանի որ իշխանության երկու թևերի՝ գործադիր և օրենսդիր մարմիններում ներկայացված քաղաքական ուժերի համամասնությունը չի արտահայտում հասարակության տրամադրություններն ու ցանկությունները:

Այս ֆոնին, քաղաքական, քաղաքագիտական, իրավական և իրավագիտական նորանոր մտքեր ու առաջարկներ են «ծնվում» ամենատարբեր մասնագետների կողմից: Թե դրանցից որոնք ավելի երկար կյանք կունենան, կամ այլ կերպ ասած՝ արտահայտած մտքերը կկարողանան միս ու արյուն ստանալ, ցույց կտա ժամանակը, բայց սովորական քաղաքացուն հետաքրքրում է, թե մեր երկրի երեք թևերի գործունեությունը կանոնակարգող օրենսդրական դաշտն, այնուամենայնիվ, ուրիշ էլ ի՞նչ հնարավորություն է տալիս, որպեսզի ժողովուրդը կարողանա օգտվել դրանից և լիարժեք իրացնի իր իշխանությունը:

Այս հարցերի պատասխանները ստանալու համար դիմեցինք Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին: Եվ մինչ հարցազրույցը կպատրաստվեր հրապարակման, պալատի նախագահը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման մեջ անդրադարձավ նույն հարցերին: Իր այդ քայլը Ա. Զոհրաբյանը մեկնաբանեց՝ նշելով, որ թեև առաջինը «Փաստն» է այդ հարցերն իրեն ուղղել, սակայն մեզնից հետո նույն հարցով իրեն են դիմել այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ նույնպես, ուստի, որպեսզի հետագայում այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ էլ նույնաբովանդակ հարցերով չդիմեն, որոշել է իր ասելիքը ստատուսի ձևով ներկայացնել: Ինչևէ, ներկայացնում ենք մեր կողմից տրված 3 հարցերի պատասխանները:

 

–Պարոն Զոհրաբյան, խորհրդարանը լուծարելու տարբեր սցենարներ են առաջարկվում, այդ թվում նաև պատգամավորների մանդատները վայր դնելու և ցուցակում գտնվողների մանդատներից հրաժարվելու տարբերակը: Եթե դիտարկենք այս տարբերակը, ապա մանդատները վայր դնելուց հետո, երբ պատգամավորների թիվը օրենքով սահմանվածից քիչ լինի, արդյո՞ք դա կարելի է դիտարկել որպես խորհրդարանը լուծարելու հիմք:

– Պատգամավորների թիվը Սահմանադրությամբ նախատեսված 101 թվից նվազելու դեպքում Ազգային ժողովը չի կարող արձակվել: Սահմանադիրն իրավացիորեն այդպիսի հիմք չի նախատեսել Սահմանադրությամբ: Հակառակ դեպքում, փոքրաթիվ պատգամավորներ ունեցող կուսակցությունը կամ դաշինքը միշտ կարող է Ազգային ժողովն արձակելու վտանգ ստեղծել, եթե իր հրաժարականներով ԱԺ պատգամավորների թիվը 101– ից նվազեցնի:

–Ներկայում գործող օրենսդրության շրջանակներում իրականում խորհրդարանը լուծարելու ինչ այլ տարբերակներ կարող են լինել, բացի Սահմանադրության մեջ նշվածներից:

–Ազգային ժողովը կարող է արձակվել միայն ՀՀ Սահմանադրության 149–րդ հոդվածի 3–րդ մասով (վարչապետի հրաժարականից հետո երկրորդ անգամ վարչապետ չընտրելու), 151–րդ հոդվածի 3–րդ և 4–րդ մասերով (կառավարության ծրագրին հավանություն չտալու և նոր վարչապետ չընտրելու) սահմանված դեպքերում: Իմ կարծիքով, այլ տարբերակներ չկան:

–Խնդրում եմ պարզաբանեք՝ որտեղ են սկսվում և որտեղ են ավարտվում ժողովրդի իշխանության իրացման թույլատրելի սահմանները, և եթե Սահմանադրության դրույթներով այն սահմանված չէ, ապա ժողովրդի իրավունքներն արդյո՞ք անսահման են, թե՞ այնուամենայնիվ կա որոշակի սահման, և ո՞րն է այն:

–Այս հարցը շատ վերացական է, ուստի կդժվարանամ պատասխանել:

 

Հ.Գ. – Ի դեպ, ԱԺ–ն լուծարելու՝ պատգամավորների մանդատները վայր դնելու հարցին արձագանքել է նաև ԲԴԽ անդամ Գևորգ Դանիել յանը, կատարելով հետևյալ գրառումը՝ «գուցե դա հումո՞ր է եղել»:

 

Արմինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով