Խորհրդարանական ընտրություններին չմասնակցելը արդարացված չի լինի

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի համար կարևոր է, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն անցան խաղաղ մթնոլորտում, առանց միջադեպերի և մարդիկ կարողացան իրենց կամքն ազատորեն արտահայտել:

Խոսելով ընտրությունների մասնակցության ակտիվության ցուցանիշի մասին, պատգամավորը նշեց, որ այն գնահատելու համար նախ պետք է հասկանալ, թե հրապարակված ընտրողների ցանկից փաստացի որքա՞ն մարդ է ներկայում ապրում Երևանում և նրանցից ինչքա՞նն են մասնակցել ընտրություններին:

«Ինչ վերաբերում է «Իմ քայլը» դաշինքի բավականին բարձր ցուցանիշին, ապա դա սպասելի էր, սպասվածից ավելի ցայտուն է այդ և այլ քաղաքական ուժերի հավաքած ձայների հարաբերակցությունը: Ինձ, անկեղծ ասած, զարմացրեց որոշ քաղաքական ուժերի կողմից շատ չնչին ձայներ ստանալու հանգամանքը: Եվ այս իրողություններից ելնելով, քաղաքական ուժերը պետք է որոշակիորեն վերանայեն իրենց մարտավարությունը»,– ասաց Ս. Ավետիսյանը:

Ինչ վերաբերում է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ գրանցված արդյունքներին և ԱԺ արտահերթ ընտրությունների սպասումներին, ապա Ս. Ավետիսյանը նշեց, որ դրանք իրար հետ որոշակիորեն փոխկապակցված կլինեն:

«Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները փորձում են կանխատեսելի դարձնել նաև ապագա ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները: Իհարկե, պետք է հասկանալ նաև, որ Երևանի ընտրազանգվածը ողջ հանրապետության ընդամենը 1/3– ն է կազմում: Եվ, բնականաբար, Երևանի ավագանու ու համապետական ընտրությունների արդյունքների միջև տարբերություն անշուշտ կլինի: Սակայն միանշանակ է, որ այս ընտրությունները որոշակիորեն ուրվագծեցին, թե ինչպիսին կարող է լինել ապագայի Ազգային ժողովը»,– ասաց Ս. Ավետիսյանը:

Ապագա ԱԺ–ի մասին ավելի հստակ հնարավոր կլինի կանխատեսումներ անել, երբ պարզ լինի նաև, թե ե՞րբ է այն տեղի ունենալու և ի՞նչ ձևաչափով են քաղաքական ուժերը մասնակցելու ընտրություններին, նշեց պատգամավորը: Նրա կարծիքով՝ ՀՀԿ–ն ճիշտ արեց, որ այս ընտրություններին չմասնակցեց, բայց ապագայում նման կերպ վարվելն արդարացված չի լինի:

«Այս ընտրարշավի ժամանակ մենք տեսանք, թե կրքերն ինչ չափով բորբոքվեցին: Հանրապետականի մասնակցության դեպքում այդ բոլորի թիրախը կլիներ Հանրապետական կուսակցությունը, ուստի չմասնակցելու որոշումը, իմ կարծիքով, շատ ճիշտ էր: Առաջիկայում դեռ հստակեցնելու շատ ու շատ խնդիրներ կան: Երբ պարզ լինի ԱԺ արտահերթ ընտրություններ կլինեն, թե ոչ, կամ՝ ե՞րբ կլինեն, այդ ժամանակ էլ այդ մասին Հանրապետականն իր դիրքորոշումը կարտահայտի: Եթե որոշում կայացվի, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ, այնուամենայնիվ, կանցկացվեն, ապա ես չեմ կարծում, որ Հանրապետականը դրան չմասնակցի: Նորանկախ մեր երկրում պաշտոնապես գրանցված ամենաերկար տարիների կենսագրություն ունեցող քաղաքական ուժը, որը նաև երկար տարիներ եղել է իշխանական ուժ, եթե չմասնակցի արտահերթ համապետական ընտրություններին, ապա, իմ կարծիքով, դա արդեն անընդունելի կլինի»,– ասաց Ս. Ավետիսյանը:

ՀՀԿ–ական պատգամավորը նորընտիր քաղաքապետին և քաղաքական թիմին մաղթելով արդյունավետ աշխատանք՝ հույս հայտնեց, որ Երևանը, լինելով ողջ հայության մայրաքաղաքը, կշարունակի զարգանալ: Իսկ ընտրողներին նա մաղթեց, որ այսուհետ ևս բոլոր ընտրությունների ժամանակ էլ իրենք կարողանան իրենց կամքն ազատ արտահայտել:

«Ամենակարևոր ձեռքբերումը, որ այս ընտրությունները վերացրեցին, ընտրակեղծարարների մասին բամբասանքներն էին, քանի որ նախորդ բոլոր ընտրություններից հետո բոլորի մեջ տեսնում էին ավելի շատ ընտրակեղծարարի, քան քաղաքական գործչի: Ես ուրախ եմ, որ այդ ջրբաժանը նույնպես վերացավ, ինչը շատ կարևոր ձեռքբերում եմ համարում, և կարծում եմ, որ այն պետք է որ ուրախալի լինի բոլոր քաղաքական ուժերի համար»,– ասաց Ս. Ավետիսյանը:

 

Արմինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով