«Խոստացել էին, որ մինչև 2016 –ը պետք է նոր աղբավայր կառուցվեր»

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության թեկնածու Ջիվան Պողոսյանը, ով նախկինում ղեկավարել է նաև ավագանու ԲՀԿ խմբակցությունը, դեմ է ընտրություններին մասնակցող ուժերի կողմից իրար վրա ցեխ շպրտելուն և սև քարոզչություն իրականացնելուն: Նա նաև նշեց, որ առաջին անգամ է, որ ընտրություններն առանց վարչական ռեսուրս օգտագործելու , առանց ընտրակաշառքի են կազմակերպվելու, սակայն հիմա էլ մրցակիցներն առանց մեկը մյուսին խնայելու իրար են վարկաբեկում, ինչը նրա համար անընդունելի գործելաոճ է:

«Մեր մրցակիցները հավանաբար ուզում են պայքարը տանել մեկ այլ դաշտ, բայց ես համոզված եմ, որ դա նրանց չի հաջողվելու: Ես կոչ եմ անում, որ բոլորն ավելի շատ խոսեն Երևանի խնդիրների, դրանց լուծման տարբերակների մասին: Նախկինում ևս աշխատելով Երևանի ավագանիում, լինելով կառուցողական ընդդիմություն՝ մենք բազում խնդիրներ ենք բարձրացրել: Եվ որ հարցում իշխանությունը մեր առաջարկն ընդունել է, կարողացել են խնդիրը հաջողությամբ լուծել, իսկ որ հարցում նրանց ձեռնտու չի եղել, քանի որ մեծամասնություն էին կազմում, իմպերատիվ կերպով են ընթացք տվել: Եթե ուսումնասիրեք նիստերի արձանագրությունները, կտեսնեք, որ մենք եղել ենք բազմաթիվ հարցեր բարձրացնող խմբակցություն, այդ թվում՝ նաև աղբավայրի հետ կապված: Մեզ խոստացել էին, որ մինչև 2016 –ը պետք է աղբավայրը փակվեր և նորը կառուցվեր, սակայն ինչպես տեսնում ենք, դա չարվեց»,– ասաց Ջ. Պողոսյանը:

Ավագանիում աշխատելու ընթացքում նա եղել է նաև Երևանի ավագանու ֆինանսական հանձնաժողովի նախագահի տեղակալը և վստահեցնում է, որ մայրաքաղաքի բյուջեն ոչ օբյեկտիվ է ծախսվել: Բացի այդ, եղել են նաև վատնումներ, ինչի դեմ նա անձամբ է պայքարել:

«Բնականաբար, դրոշակների կամ շների հավաքագրման վրա անընդմեջ խոշոր չափի գումարներ ծախսելը դարձել էր սովորություն: Ավելի թիրախային խնդիրներ կային, որոնք լուծման կարիք ունեին: Ասեմ ավելին, եթե գումարները նպատակային ծախվեին, խնդիրները կնվազեին, ոչ թե կկուտակվեին: Տարիներ շարունակ գումարները ծախսվում էին, խնդիրները՝ մնում նույնը: Ինչ վերաբերում է ներկայի խնդիրներին, ապա կարող եմ ասել, որ որևէ քաղաքական ուժ չի կարողանա դրանք լուծել առանց Գագիկ Ծառուկյանի մասնակցության: Որևէ մեկը նման չափի ներդրումներ չի կարող խոստանալ, քանի որ որևէ մեկը նման կապեր չունի, որ կարողանա իր խոստումն իրականացնել: Եվ երևանցին պետք է հասկանա, թե որ ուժն ինչքանով կկարողանա կուտակված խնդիրները լուծել: Ես կխնդրեի, որ մի պահ հեղափոխական տրամադրությունները մի կողմ դնեն և ավելի պրագմատիկ որոշում կայացնեն: Իսկ ավելի հստակ, ես կցանկանամ, որ Երևանի ավագանիում գերիշխող մեծամասնություն չլինի, քանի որ այդ դեպքում ավագանու աշխատանքը կլինի ավելի հավասարակշռված և ի շահ երևանցու»,– ասաց Ջ. Պողոսյանը:

ԲՀԿ ներկայացուցիչը նշեց նաև, որ չնայած բոլոր քաղաքական ուժերն ու դաշինքները գրեթե նույն խնդիրներն են բարձրացնում, բայց որևէ մեկը չի նշում, թե որտեղից են գումարներ հայթայթելու: Իր հաշվարկներով, առանց խոշոր ներդրումների նշված խնդիրները հնարավոր կլինի 15–ից 20 տարում լուծել, ուստի հարկավոր է նաև այս մասին մտածել: Խոսելով միջազգային փորձի փոխանակման մասին՝ նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան ժամանած մոտ 40 քաղաքապետների հետ հանդիպման ժամանակ համագործակցության հուշագիր է ստորագրվել, ինչն էլ ավելի է հույս ներշնչում, որ բազմամիլիոնանոց քաղաքների ղեկավարների հետ աշխատանքը միանշանակ արդյունավետ է լինելու:

«Մենք բոլորս թավշյա հեղափոխության կողմնակիցն ենք եղել, կանգնել ենք Նիկոլ Փաշինյանի կողքին և սատարել ենք հեղափոխությանը, որպեսզի մեր երկիրը ձերբազատվի կոռուպցիայից և այլ արատավոր երևույթներից: Պետք չէ մոռանալ, որ հեղափոխությունը դեռ չի ավարտվել և այդ ճանապարհին պետք է նաև քարոզարշավի ընթացքում արդարության մթնոլորտ պահպանել և թույլ տալ, որ մայրաքաղաքի բնակիչն ինքնուրույն կողմնորոշվի և կատարի իր ընտրությունը: Մենք պատրաստ ենք բոլոր ուժերի հետ համագործակցել, միասին կառուցել մեր քաղաքը և թող բոլորն իմանան, որ ինչքան էլ մեզ վրա փորձեն ցեխ շպրտել, միևնույն է, մենք պատրաստ ենք բոլորի հետ աշխատել՝ ի շահ երևանցիների և ի բարօրություն համայն հայության մայրաքաղաքի բարգավաճման»,– ասաց Ջ. Պողոսյանը:

Արմինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով