Իսկ սիրո՞ւմ եք դուք դպրոցը, ինչպես ես՝ կասեր դասականը

Բավականին ուշ հասկացա, որ միշտ չեմ սիրել դպրոցը։  Մեջս միշտ վատ սովորած դասի բարդույթ կա, որ ծանր  նստած է խղճիս։ Ոչ մի դպրոցական արձակուրդ լիարժեք չեմ վայելել, որովհետև անիմաստ հանձարարված տնայինները ճնշել են։
Հիմա որ զույգ երեխա ունեմ նոր դպրոցական, աշխատում ենք այնպես անել, որ սիրեն դպրոցը ու միաժամանակ վայելեն մանկությունը։ Թեպետ սա դեռ նախակրթարան է։
Սա հունական դպրոցն է

Հիմա մենք սիրով ենք դպրոց գնում։ Ծանր պարտականություն չէ, միայն թե առավոտը շուտ արթնանալը մեզ համար ծանր փորձություն է։

Ահա փոքր դրվագներ, որ կարող են մանրուք թվալ կամ անհարկի ու անիմաստ, նույնիսկ անհարիր քնքշանք, բայց արի ու տես ամենևին էլ այդպես չէ։

Հասել ենք դասարանի դռանը, աղջիկս չի ուզում ներս մտնել։ Դասատուն մոտեցավ, իջավ երեխայի մակարդակին (բառացիորեն կքանստեց) ու սկսեց հետը խոսել։ Խոսեց, գրկեց տարավ ներս։

Ով էր տեսել՝ դասատուն իջնի մինչև սովորական մահկանացուին։ Հիմա արդեն հաճախ պատահող իրավիճակ է դարձել մեզ համար։ Սա միակ դեպքը չէ։

Ավելին՝ մի անգամ տեսա, որ մյուս դասատուն երեխայից ներողություն խնդրեց, սա էլ ներեց ։)

Երբեմն էլ դասատուները հենց էնպես են փաթաթվում ու համբուրում երեխաներին։

Աղջիկներս իրենց խաղալիքներն են ցույց տալիս ինձ։ Զարմանալիորեն ուրախալի  է, որ բոլոր խաղալիքներով խաղում են։

Սրանք իմ հուշերն են

Իմ նախադպրոցական տարիներից հիշում եմ որոշ բաներ։ Դաստիարակչուհին մեզ նստեցնում էր ու գոռում, որ սուս մնանք, որովհետև ինքը պլան էր գրում։ Ես էլ գրելը փոխել էի կատարելով ու բոլորին պատմում էի իմ հումորը, թե մեր դասատուն պլան է կատարում։

Մի ուրիշ պահ էլ է դաջվել հիշողությանս մեջ։ Աղջիկներից մեկին դաստիարակչուհին ծեծում էր։ Էս երեխան նոր էր եկել ու չգիտեր, որ դա ընկեր Էլմիրան է, ու լացում էր՝ տոտա ջա՜՜՜ն, մի ծեծի՜՜՜՜։ Մենք զարմացել էինք, ոչ թե որ ծեծում էր 4 տարեկան երեխային, այլ որ երեխան դասատուին տոտա էր ասում։

Հիմա համեմատելու համար մի այլ օրինակ հայ մանկավարժական իրականությունից։

Ժամանակին դասախոսում էի Հայաստանի Ν քաղաքի բուհերից մեկում։ Մի անգամ կոլեգաս բարեկամաբար խորհուրդ տվեց ինձ․

֊ Ուսանողներին շատ մի ասա շնորհակալություն։

֊ Հա բայց բան եմ խնդրել, արել են, չասե՞մ՝ շնորհակալ եմ։

֊ Ոչինչ, թող անեն, դու մի ասա։

Էս պահին, բան չունեմ ավելացնելու …

Նաիրա Թամամյան
 Նկարը՝  https://www.poly-gelio.gr/totos-sxoleio/  կայքից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով