Ընտրական նոր օրենսգրքի ընդունումը նաև ՀՀԿ–ի շահերից է բխում

ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով երկուշաբթի օրը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Ընտրական օրենսգիրքն ընդունելու հավանականության աստիճանին, նշեց, որ ինքը սիրում է առաջնորդվել սթափ տրամաբանության կանխավարկածով և հույս ունի, որ Հանրապետական խմբակցության կազմում կան ադեկվատ գործիչներ, ովքեր իրենց խմբակցությանը կհուշեն այն մասին, որ առճակատումը համագործակցության լավագույն ճանապարհը չէ:

«Այն ընտրական օրենսգիրքը, որը մենք առաջարկելու ենք քվեարկել, նաև Հանրապետականին հնարավորություն կտա ներկայացված լինել առաջիկա խորհրդարանում: Իհարկե, դա նրանց կհաջողվի նաև, եթե կարողանան անցյալում որևէ կոռուպցիոն սկանդալներում չներքաշված և չվարկաբեկված անձանց ներգրավել իրենց ընտրացուցակում, ինչպիսիք ՀՀԿ–ի շարքերում կան: Այդ պարագայում, նոր բարեփոխված Ընտրական օրենսգիրքը հնարավորություն կտա Հանրապետականին, որ որպես ընդդիմություն ներկայացված լինեն խորհրդարանում: Բայց եթե իրենք գնալու են նեղ կուսակցական մանր քինախնդրության ճանապարհով, ապա դա որևէ տեղ չտանող ճանապարհ է և դա ընդամենը սեփական կուսակցության մահկանացուն կնքելու հերթական քայլը կլինի»,– ասաց Ն. Զոհրաբյանը:

Նա նաև կոչ արեց ՀՀԿ–ին այս պահին չօգտվել իրենց քանակական առավելությունից, չտորպեդահարել և սաբոտաժի չենթարկել երկուշաբթի օրվա նիստը: Քաղաքական գործչի կարծիքով, օրենսգրքի չընդունվելու դեպքում որևէ մեկը ոչինչ չի կորցնի, բացի ՀՀԿ–ից, քանի որ հերթական անգամ կարձանագրվի, որ այդ քաղաքական ուժը կրկին և ուղղակիորեն գործում է ժողովրդի շահի դեմ:

«Չնայած, որ մեզ համար անընդունելի է ռեյտինգային համակարգը, բայց «Բարգավաճ Հայաստանը» անկախ նրանից՝ գործող օրենսգրքով կկազմակերպվեն ընտրությունները, թե ոչ, մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին: Նույնը կարող եմ ասել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասին, որն այսօր այնքան բարձր հանրային վստահություն ունի, որ իրենց համար նույնպես բացարձակապես էական չէ, թե որ ընտրական օրենսգիրքը կլինի՝ հինը, թե գործողը»,– ասաց Ն. Զոհրաբյանը:

Պատգամավորը, խոսելով ՀՀԿ–ի կողմից ցուցաբերած դիմադրության մասին, նշեց նաև, որ Հանրապետականն այս պահին օգտվում է իր քանակական առավելությունից, հերթական անգամ փորձում է ցույց տալ, որ իրենք կարող են ինչ–որ բան որոշել: Բայց, իրականում, ըստ Ն. Զոհրաբյանի, Հանրապետականի քանակական առավելությանը մնացել է ընդամենը մեկ շաբաթ ժամանակ:

«Եթե Հանրապետականն առաջնորդվի քաղաքական տրամաբանությամբ, ապա պետք է փորձի դառնալ արժանապատիվ ընդդիմություն: Ուստի, կարծում եմ, որ նրանք խոհեմ կգտնվեն և կգան քվեարկության: Հանրապետականը պետք է փորձի գնահատել նաև նոր Ընտրական օրենսգրքի առավելությունները, քանի որ եթե իջեցվում է խորհրդարանում ներկայացված լինելու համար սահմանված անցողիկ շեմը, այսինքն՝ հնարավորություն է տրվում թե՛ նորաստեղծ կուսակցություններին, թե՛ այն կուսակցություններին, որոնք չունենալով հանրային վարկանիշ, ի դեմս Հանրապետականի, ներկայացված լինեն խորհրդարանում, ճիշտ եզրահանգման գա: Այսինքն, նոր օրենսգրքով նրանց շանսերը նույնպես ավելի մեծ կլինեն, քան գործողով, որովհետև միայն այն, որ ավելացված է նաև 4–րդ կուսակցության անցնելու հավանականությունը, որի համար սահմանված է ընդամենը 2 % անցողիկ շեմ, արդեն իսկ խոսում է այն մասին, որ դա բխում է նաև ՀՀԿ–ի շահերից»,– ասաց Ն. Զոհրաբյանը:

Խոսելով օրերս վարչապետ Փաշինյանի կողմից հայտարարված կոռուպցիոն ամենամեծ բացահայտման մասին, որի հիմնական դերակատարը ԱԺ պատգամավոր է, նա նշեց, որ թե՛ որպես պատգամավոր, թե՛ որպես նախկին լրագրող իր սեփական վարկածն ունի, թե ում մասին կարող էր այն լինել, սակայն ելնելով անմեղության կանխավարկածից՝ հրաժարվեց որևէ անուն հնչեցնել:

«Ես նաև որպես նախկին լրագրող կարող եմ մոտավորապես կռահել, թե խոսքն ում մասին կարող էր լինել, բայց կա անմեղության կանխավարկած, և ինձանից առաջ կան իրավապահ մարմիններ: Հարցը բացառապես իրավապահ մարմիններին է վերաբերում և նրանց գործն է՝ կհրապարակե՞ն, թե՞ ոչ այդ պատգամավորի անունը կամ առհասարակ ե՞րբ կհրապարակեն»,– ասաց Ն. Զոհրաբյանը:

Արմինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով