Էրիկ Գրիգորյանն իրականությունը թաքցնում է վարչապետից, քանի որ շահ ունի, ահազանգում է բլոգերը

Ժուռնալիստ, բլոգեր Արման Սուլեյմանյանն այսօր, ասուլիսի ժամանակ, լրագրողներին տեղեկացրեց, որ ինքը ցանկանում է Սևանա լճի մասին տեսանյութ պատրաստել, սակայն Շրջակա միջավայրի նախարարությունն իրեն չի ցանկանում ռեալ պաշտոնական տվյալներ ներկայացնել:

Ավելին՝ խոչընդոտում է, որ ոլորտի մասնագետ-գիտնականներն իր հետ շփվեն, որի պատճառով նրանք չեն կարողանում հարցազրույցներ տալ: Բլոգերին տրված նախարարության պատասխանում նշված է, որ այդ անձինք չեն ցանկանում հրացազրույց տալ: Խոսքը երկու ՊՈԱԿ-ների տնօրենների մասին է, ովքեր ներկայումս հոգեբանական ճնշման են ենթարկվում և չեն կարողանում տարիների իրենց ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնել հանրությանը:

Բնապահպանական սխեմաները, գծվել են նախկին նախախար Արամ Հարությունյանի ժամանակ, սակայն դրանք գործում են մինչ օրս, նշեց Ա. Սուլեյմանյանը: Դրանց պատճառով Սևանի ֆոսֆորի քանակությունը գնալով ավելանում է, ինչի հետևանքով էլ լիճը ծերանում է:

«Նախարար Էրիկ Գրիգորյանն իրականությունը թաքցնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանից, այն պարզ պատճառով, որ այստեղ շահ ունի: Ես հիմա դժվարանում եմ ասել, թե կոնկրետ ինչ սխեմաներ են գործում, բայց այն, որ նախարարությունը պաշտոնական տեղեկատվություն չի ներկայացնում, խոսում է այն մասին, որ նախարարը չի ուզում, որ որևէ մեկը տեսնի, թե ինչ է կատարվում ներքին խոհանոցում:

Ստացվում է, որ Սևանի հարցերով հանձնաժողովը, փաստորեն, ֆիկտիվ բնույթ է կրում: Այդ դեպքում ինչո՞ւ են այդ հանձնաժողովը շարունակում հարկատուների հաշվին պահել: Ես հիմա պաշտպանում եմ այն մարդկանց, ովքեր նախարարի ուղիղ ազդեցության տակ են, և ազատ խոսելու հնարավորություն չունեն: Այսինքն՝ հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ես նախարարության աշխատակիցներին պաշտպանում եմ նախարարից: Սա է իրականությունը»,- ասաց Ա. Սուլեյմանյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանում Մարտունի, Գավառ, Վարդենիս համայնքների կեղտաջրերը լցվում են Սևանա լիճ, իսկ լիճն ընդհանրապես չի մաքրվում: Նաև այդ պատճառով է Սևանի ջուրն աղտոտվում, որից սնվում են միաբջիջները և ջրիմուռներ են առաջանում: Սուլեյմանյանը նշեց նաև, որ այսպես, թե այնպես Սևանի մասին ֆիլմը կնկարվի, քանի որ իրենք բավական ուսումնասիրություններ են իրականացրել, բայց քանի որ հասարակությանն է ներկայացվելու, ուստի հեղինակը չի ցանկանում, որ այն հիմնված լինի միայն իր հետազոտությունների արդյունքների վրա:

«Ցավալին այն է, որ Սևանա լիճը կանաչելու է նաև այս տարի, բայց որևէ մեկն այդ մասին չի ասում: Դա անդառնալի պրոցեսների հետևանք է: Հետագայում միլիարդներ կպահանջվեն, որպեսզի լիճը մաքրվի: Այս մասին ևս ընդհնրապես խոսակցություններ չկան, քանի որ իրական տեղեկությունները թաքցվում է բոլորից»,- ասաց Ա. Սուլեյմանյանը:

 

Արմինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով