Ե. Բոզոյան «Նոր ձևավորված կուսակցությունները որևէ շանս չունեն»

Կուսակցությունները, երբ որոշում են դաշինքով մասնակցել, ապա առաջին հերթին հույս են ունենում, որ կհասնեն հաջողության: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով, սակայն, նոր ձևավորվող կուսակցությունները չեն հասցնի պատշաճ պատրաստվել ու ներկայանալ ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին:

Զուտ քաղաքագիտական տեսանկյունից, կարծում եմ, այս պահին դա անհնարին կլինի, քանի որ այսօր հասարակությունը դեռևս գտնվում է էյֆորիայի մեջ: Ու եթե նման դաշինքներ ձևավորվեն, ապա ընտրություններից հետո նրանք հիասթափություն կապրեն, ինչը մարդկանց մոտ կարող է շոկ առաջացնել: Սովորաբար քաղաքական նախընտրական գործընթացների և ընտրարշավի մասնակցելու ժամանակ բոլորը համատարած խաբեության մեջ են հայտնվում: Դա բնորոշ է բոլոր քաղաքական գործիչներին: Այլ հարց է, որ դա սովորաբար չեն ընկալում քաղաքական պրոցեսում հայտնվածները: Մինչդեռ կողքից՝ դիտորդական տեսանկյունից նայելով, ավելի տեսանելի է լինում, թե ընտրություններից հետո ինչ արդյունքներ կարող են արձանագրվել»,– ասաց Ե. Բոզոյանը:

Ու քանի դեռ հասարակությունը շարունակում է էյֆորիկ վիճակում գտնվել, ուստի, ըստ քաղաքագետի, «սև–սպիտակային» տեխնոլոգիան կրկին հնարավոր կլինի հանգիստ օգտագործել և արդյունքի հասնել:

«Իմ կարծիքով, քարոզարշավի ժամանակ այդ տեխնոլոգիան կօգտագործվի, որի արդյունքում մանր–մունր կուսակցությունները, պրակտիկորեն, հաջողության հասնելու որևէ շանս չեն ունենա»,– ասաց Ե. Բոզոյանը:

Քաղաքագետի կանխատեսման համաձայն, ամենայն հավանականությամբ, առաջիկա ընտրությունների ժամանակ բացի Նիկոլ Փաշինյանի թիմից, անցողիկ շեմը կհաղթահարեն նաև ԲՀԿ–ն, ՀՀԿ–ն և ևս մեկ ուժ:

«Չի բացառվում, որ անցողիկ շեմը հաղթահարի «Սասնա ծռերը», չնայած մեծ է հավանականությունը, որ նրանք էլ չեն կարողանա հաղթահարել 5%–անոց անցողիկ շեմը: Ի դեպ, Փաշինյանը, հաշվի առնելով հասարակության էյֆորիկ տրամադրությունները, գիտի, որ մեծ առավելությամբ է հաջողության հասնելու և կանխորոշելու է նաև մնացած կուսակցությունների ճակատագիրը»,– ասաց Ե. Բոզոյանը:

Նրա կարծիքով, խորհրդարան անցնելու հաշվարկների ժամանակ տեսականորեն հնարավոր է ցանկացած դաշինքների ձևավորում, անգամ՝ «Լույս» և «Սասնա ծռեր» ձևաչափով, բայց այդ սցենարը նա քիչ հավանական է համարում՝ հաշվի առնելով Ծռերի կոշտ հռետորաբանությունը:
«Ես կարծում եմ, որ «Սասնա ծռեր» կուսակցությունը բավականին կոշտ հռետորաբանությամբ է հանդես գալիս: Ուստի կարծում եմ, որ Հայաստանում այնպիսի ուժ չկա, որի հետ նրանք պատրաստ կլինեն դաշինք կազմել: Նույնիսկ, եթե դիտարկենք, օրինակ, նախկին քաղբանտարկյալ Անդրիաս Ղուկասյանի կուսակցությունը: Զարուհի Փոստանջյանի հետ ևս կա պրոբլեմ, թեև նրա հռետորաբանությունը շատ մոտ էր «Սասնա ծռերին»: Այս ամենը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ նրանք որևէ ուժի հետ դաշինք չեն կազմի»,– ասաց Ե. Բոզոյանը:

Հին ընտրական օրենսգրքի պայմաններում խորհրդարան անցելու շանս չի ունենա նաև «Լույս» դաշինքը, համոզված է քաղաքագետը, քանի որ իր ընտրազանգվածը շատ մոտ է Փաշինյանի քաղաքական ուժի ընտրազանգվածին: Եվ այդ տեսանկյունից է անտրամաբանական, թե ինչու պետք է մարդը գնա և իր ձայնը «Լույս» դաշինքին տա:

«Հաշվի առնելով ռեյտինգայինի գործոնը, իշխանությունն ինքն է շահեկան դիրքում հայտնվելու, Հանրապետական կուսակցությունը և ԲՀԿ–ն: Իսկ, օրինակ, «Լույս» դաշինքը, որը ներկայացնում է առավելապես քաղաքացիական զանգվածը, մրցակցելու է Փաշինյանի հետ և ակնհայտորեն պարտվելու է: Ուստի խորհրդարան անցնելու ամենամեծ հավանականությունն, այնուամենայնիվ, ունի նշածս երեք ուժերից բացի «Սասնա ծռեր» կուսակցությունը, բայց կկարողանա բավարար ձայնել հավաքել, թե՝ ոչ, սա է խնդիրը»,– ասաց Ե. Բոզոյանը:

Քաղաքագետի կարծիքով, հաջորդ խորհրդարանում, ամենայն հավանականությամբ, ներկայացված չի լինի նաև Դաշնակցություն կուսակցությունը: Բոզոյանը համոզված է, որ խորհրդարանական ընտրությունները կանցնեն այն նույն տրամաբանության շրջանակներում, ինչպես Երևանի ավագանու ընտրությունները:

«Ընտրակաշառք չի լինի, ղեկավարման փաթեթը կհայտնվի Փաշինյանի ձեռքում և հիմնական պայքարը կլինի մյուս ուժերի միջև, թե ով ինչքան քվե կստանա ԱԺ–ում հայտնվելու համար: Այդ է պատճառը, որ նոր ձևավորված կուսակցությունները որևէ շանս չունեն: Ու թեև վիրավորվում են, որ նման գնահատականներ են լսում իրենց մասին, բայց, կարծում եմ, որ ընտրություններից հետո ամեն ինչ էլ պարզ կլինի»,– ասաց Ե. Բոզոյանը:

Արմինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով