«Երևանի հանրություն» դաշինքի առաջարկած մոդելը զերծ է կուսակցականությունից

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է նաև «Երևանի հանրություն» դաշինքը: Այն միակ դաշինքն է, որը հանդես է գալիս որպես քաղաքացիական նախաձեռնություն և որի կազմում որևէ քաղաքական ուժ ներկայացված չէ:

Երևանի քաղաքապետի թեկնածուն՝ Անահիտ Թարխանյանն է, ում հետ զրուցել մեզ չհաջողվեց այս օրերին նրա «բավականին մեծ զբաղվածության» պատճառով: Եվ, քանի որ այս ընթացքում ներկայացնում ենք բոլոր մասնակից ուժերին, Թարխանյանի փոխարեն զրուցեցինք նախընտրական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Հովհաննիսյանի հետ, ով նաև «Երևանի հանրություն» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավարն է:

Ա. Հովհաննիսյանը նշեց, որ գոհ է քարոզարշավի ընթացքից, բայց նաև կցանկանար, որ ԶԼՄ–ներն ավելի շատ անդրադառնային և ներկայացնեին իրենց դաշինքի անդամներին և դաշինքի կողմից առաջարկվող ծրագիրը: Այդ բացը լրացնելու համար նրանք հանդիպումներ են կազմակերպում ընտրողների հետ և դրա միջոցով են փորձում ասելիքը տեղ հասցնել: Ընտրել են քարոզարշավի այդ տարբերակը նաև այն պատճառով, քանի որ, իրենց կարծիքով, առանց այն էլ մասնակից ուժերի միջև առկա լարվածությունը բավականին մեծ է: Եվ վիճակն էլ ավելի չսրելու համար քարոզարշավն իրականացնում են այդ տարբերակով: «Այս ընթացքում հանդիպումներ ենք ունեցել գրեթե բոլոր համայնքներում: Այս պահին ամենացավոտ հարցը մայրաքաղաքի աղբահանության խնդիրն է: Մարդիկ ամենաշատը դրանից են բողոքում: Այն արդեն սկսել է սպառնալ մարդկանց առողջությանն ու կյանքին: Դրա կողքին սոցիալական խնդիրներից մինչև կանաչապատման, տրանսպորտի, վերելակների խնդիրներ են առկա», – ասաց Ա. Հովհաննիսյանը:

Նա նշեց նաև, որ իրենց ցանկությունն է, որ քարոզարշավի ժամանակ կուսակցություններն առավելապես զբաղվեն իրենց ծրագրերը ներկայացնելով, ոչ թե կուսակցական քարոզով: Այդ դեպքում իրենք առավել շահեկան վիճակում կհայտնվեն, քանի որ դաշինքը բաղկացած է միայն հասարակական կազմակերպություններից, յուրաքանչյուրն իր հերթին ոլորտներին վերաբերող սեփական ծրագրեր ունի, որոնք էլ կարող են կյանքի կոչել ու լուծել Երևանի առջև ծառացած խնդիրները:

«Եթե անգամ ընտրողներն առաջնորդվեն անձերով, ապա այստեղ ևս մենք շահեկան դիրքում ենք, քանի որ թե՛ մեր թեկնածուն, թե՛ մեր ոչ կուսակցական թիմը բավականին շահեկան վիճակում է: Մենք մեզ մրցակիցներ ենք համարում բոլոր նրանց, ովքեր այս ընտրությունները ոչ թե դիտարկում են որպես ԱԺ ընտրություններից առաջ իրականացվող ինչ–որ գործընթաց, ովքեր ոչ թե կուսակցական ինչ–ինչ հաշվարկների մեջ են, այլ նրանց, ովքեր ռեալ պատկերացնում են մայրաքաղաքի խնդիրները և իսկապես ուզում են դառնալ Երևանի քաղաքապետ»,– ասաց Ա. Հովհաննիսյանը:

Հարցին, թե ինչու հենց իրենց պետք է ընտրի երևանցին և ինչ այլընտրանք են իրենք առաջարկում, որն ավելի նախընտրելի կարող է լինել երևանցու համար, ավագանու անդամը պատասխանեց, որ իրենք միակ ուժն են, որը քաղաքական նախաձեռնությամբ է հանդես գալիս և առաջարկում մայրաքաղաքի կառավարման իրական ինքնակառավարման մոդել: Բացի այդ, ցուցակի առաջին 12 անդամներն անկուսակցականներ են, և իրենց ընտրելու դեպքում հանրությունը կկարողանա իրապես մասնակից դառնալ ինքնակառավարման գործընթացին: «Մենք դա շատ էական ենք համարում, քանի որ քաղաքական կուսակցությունների շահերն այս 20 տարվա ընթացքում այնքան են խորացել, որ անգամ եթե փորձես մայրաքաղաքում որևէ ապօրինի շինություն վերացնել հանկարծ, միանգամից երեք տարբեր կուսակցական շահ կգտնես, որոնք բոլորն էլ խոչընդոտ կհանդիսանան: Մենք այդ ամեն ինչից ազատ ենք և դա է այն իրական ճանապարհը, որը թույլ կտա Երևանը զարգացնել»,– ասաց Ա. Հովհաննիսյանը:

Արմինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով