«Երևանի առկա խնդիրների 2/3–ը շատ արագ կարելի է լուծել»

Շարունակվում է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը թե՛ մայրաքաղաքի վարչական շրջաններում, թե՛ սոցիալական ցանցերում: Ու թեև այս պահին դժվար է գնահատել, թե որ դաշտում է ավելի թեժ ընթանում քարոզարշավը, սակայն մեկ բան ակնհայտ է, որ երևանցիներն առաջին անգամ հնարավորություն ունեն ազատ ու թափանցիկ միջավայրում կատարել իրենց ընտրությունը և ձայնը տալ այն քաղաքական կուսակցությանը կամ դաշինքին, ում հանդեպ ավելի մեծ է համակրանքը:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքը դրական է գնահատում: Ու, չնայած, նա քարոզարշավի առաջին օրերին պաշտոնական այցով, պառլամենտական համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով, Ինդոնեզիայում էր, սակայն դա ամենևին էլ նրան չի խանգարել, որ հեռվից տեղեկանա, թե ինչ իրավիճակ է տիրում քաղաքամայր Երևանում:

«Փաստ» օրաթերթի լրագրողի հետ զրույցում նա, անդրադառնալով ԲՀԿ ծրագրին, նշեց, որ իրեն անհանգստացնում է միայն այն փաստը, որ թեև քաղաքական ուժերը նախապես հայտարարել էին, որ քարոզարշավը պետք է ընթանա սիրո և համերաշխության մթնոլորտում, բայց կարծես այդ պայմանավորվածությունը խախտվել է, ինչը նա բավականին մտահոգիչ է համարում:

«Այն, որ ասում էին՝ քաղաքական ուժերը չպետք է ցեխ շպրտեն իրար վրա, քարոզարշավը պետք է ընթանա ազատ, մրցակցային և հարգալից մթնոլորտում, սակայն դա կոպիտ ձևով խախտվում է, գոտկատեղից ներքև հարվածների ենք ականատես լինում, ընտրություններին մասնակցող ուժերին ասոցացնում են այս կամ այն ուժերի կամ անձերի հետ: Ես համարում եմ այս գործելաոճն անընդունելի, անընկալելի և կեղտոտ մեթոդներ, ինչին պետք է վերջ տալ, այլապես ԲՀԿ–ն էլ իր հերթին համապատասխանաբար շատ կոշտ հակահարվածներ կարող է հասցնել մեր կուսակցության հասցեին ցեխ շպրտողներին»,– ասաց Մ. Մելքումյանը:

Նա հույս հայտնեց, որ, այնուամենայնիվ, քարոզարշավն ամբողջապես չի փոխի իր բնույթը և չի վերածվի իրար հանդեպ սև PR իրականացնելու տհաճ գործընթացի, քանի որ ԲՀԿ–ի համար ամենակարևորն այն է, որ հնարավորություն ունենան մայրաքաղաքի ընտրողներին ներկայացնել այն ծրագրային դրույթները, որոնք կուսակցությունը պատրաստ է կյանքի կոչել հենց ընտրության հաջորդ իսկ օրվանից:

«Բացի այդ, մենք պետք է հաղթահարենք նաև այն էյֆորիկ իրավիճակը, որն այսօր դեռ կա, քանի որ նման դեպքերում ընտրությունները որոշ առումով կրում են սուբյեկտիվ բնույթ: Դրա համար երևանցուն հարկավոր է կոնկրետ ներկայացնել ու բացատրել, թե որ ուժն ինչ է առաջարկում և ինչ ձևով է իր ծրագրային դրույթները պատրաստվում կյանքի կոչել: Բոլորին է հայտնի, որ ԲՀԿ առաջնորդը և՛ բարձր հեղինակություն ունի, և՛ հնարավորություններ ունի, ուստի այն, ինչ մենք առաջարկում ենք, ի վիճակի ենք լինելու կյանքի կոչել»,– ասաց Մ. Մելքումյանը:

Խոսելով ԲՀԿ–ի ծրագրային դրույթներից՝ ԱԺ փոխնախագահը նշեց, որ իրենք հատուկ գործիքակազմ են առաջարկում, ինչը հնարավորություն կտա Երևան քաղաքի բյուջեն կրկնապատկել: Առաջարկներից մեկը Երևանում ծավալվող բիզնես գործունեությունից գոյացող շահութահարկի և եկամտահարկի 10 %–ը Երևանի բյուջեին հատկացնելն է:

«Ինչ վերաբերում է ծրագրերին, ապա դրանց արդյունավետությունը նույնպես պետք է հաշվարկվի և գնահատվի, որպեսզի հետագայում այնպես չստացվի, որ 20 տարի շարունակ բոլորը խոսեն աղբավերամշակման գործարան կառուցելու մասին, բայց իրականում այդպես էլ ոչինչ չանեն: Ես վստահ եմ, որ Երևանի առկա խնդիրների 2/3–ը շատ արագ կարելի է լուծել, պարզապես կամք է հարկավոր, որպեսզի այն, ինչ անհրաժեշտ է իրականացնել, հետևողականորեն և մինչև վերջ իրականացվի»,–ասաց Մ. Մելքումյանը:

Արմինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով