Եկել է ծառայողական մեքենաների քանակը կրճատելու ժամանակը

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն Ազգային ժողովում 2019 թ-ի բյուջեի քննարկման ժամանակ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցերին ասաց,որ իր կարծիքով ծառայողական մեքենաների քանակն էապես կկրճատվի:

«Ծառայողական ավտոմեքենաների կրճատումը մշտական ուշադրության կենտրոնում գտնվող հարց է եղել, հիմա էլ ուշադրության կենտրոնում է: Որոշակի լուծումներ գտել ենք, բայց, քանի որ վերջնական չէ, չեմ ցանկանա թիվ հրապարակել: Ասեմ նաև, որ սա չի նշանակում, որ ծառայողական նպատակով մարդկանց տեղաշարժվելը չի փոխհատուցվի»,- հայտնեց նախարարի պաշտոնակատարը:

Անդրադառնալով պետական համակարգի անարդյունավետության, չհիմնավորված կառույցների առկայության խնդրին՝ Ատոմ Ջանջուղազյանը նշեց.

«Կառուցվածքային ստորաբաժանումների մասով, եթե այն ժամանակ դրանք ստեղծվել են, ունեցել են իրենց բացատրությունը, և հիմնավոր է եղել իրենց ստեղծումը, բայց հիմա իրենց արդիականությունը կորցրել են, և պետք է դադարի որոշների գործունեությունը»:

Մելքումյանի հարցին, թե քաղաքական հեղափոխությունից հետո տնտեսության կառուցվածքային փոփոխություններ լինելու են, ֆինանսների նախարարի պաշտոնակատարն ասաց, որ բյուջեում շեշտը դրված է ներդրումների և արտահանելի ճյուղերի խթանման վրա, իսկ հունվարի 1-ից նախատեսված շրջանառության հարկի 115 մլն դրամ շեմի՝ 58.35 մլն դրամի իջեցումը չի փոխվելու:

Ակնկալվում է նաև, որ արտաքին պարտքի մեծությունը կկազմի 6 միլիարդ 953 միլիոն ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 49,7 տոկոսը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով