Եթե անգամ ընտրողին 20 000 դրամ կաշառք առաջարկվի, նա չի վերցնի

«Հայրենիք և իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Մկրտչյանն անդրադառնալով «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններին նշեց, որ դրանք միտված են ավելի ժողովրդավարական ընտրություններ կազմակեպելու համար: Նա կողմնակից է և՛ ընտրագրավի չափի նվազեցմանը, որը պետք է սիմվոլիկ բնույթ կրի, և՛ անցողիկ շեմի իջեցմանը: Բացի այդ, Ս. Մկրտչյանը համոզված է, որ ընտրագրավն այնքան պետք է իջեցվի, որ բոլոր կուսակցությունները կարողանան մասնակցել ընտրություններին:

«Պետք է թույլ տալ, որ բոլոր կուսակցությունները հնարավորություն ունենան մասնակցել ընտրություններին, ոչ թե միայն այն կուսակցությունները, որոնց ընտրագրավի չափը բոլորովին էլ չի անհանգստացնում: Այսինքն, այդ տեսանկյունից ընտրությունները բոլորի համար էլ պետք է մատչելի լինեն: Ինչ վերաբերում է անցողիկ շեմին, ապա այն նույնպես պետք է իջեցվի, որպեսզի Ազգային ժողովը միայն այն թիմերից բաղկացած չլինի, ում համար դժվար չէ իրենց ազդեցություններով ու լծակներով քվեներ ապահովել»,- ասաց Ս. Մկրտչյանը:

Ընտրության անցկացման ժամկետի սղությունը, սակայն, նրան ամենևին էլ չի մտահոգում, քանի որ դա ոչ միայն հասարակության, այլև հեղափոխության փուլն ավարտին հասցնելու պահանջ է: Դա թույլ կտա մեկ զարկով ազատվել այն ամենից, ինչն խանգարում է, որ երկիրը զարգանա:

«Ի դեպ, ժամկետները ոչ թե Նիկոլ Փաշինյանն է սահմանել, այլ՝ հասարակությունը: Այն հասարակությունը, որը տարիներ շարունակ այս կամ այն ճանապարհով խաբվել է, և որոշակի գումարի դիմաց գնացել ու քվեարկել է քրեաօլիգարխիկ համակարգի օգտին: Այսօր այդ նույն հասարակությունը այլ պահանջ ունի: Ես չեմ կարող ասել, թե դա պետք է որպես սիրո, հանդուրժողականության քայլ կամ մեկ ուրիշ կերպ ձևակերպել, բայց հասարակությունն այսօր պահանջ ունի, որը բացահայտ արտահայտեց ընդամենը մի քանի օր առաջ՝ երբ ընդամենը մեկ կոչով հավաքվեց Ազգային ժողովի մուտքի մոտ»,- ասաց Ս. Մկրտչյանը:

Սեղմ ժամկետներում ընտրություններ անցկացնելը չի ազդի ընտրության որակի վրա, համոզված է կազմակերպության ղեկավարը: Ամենաշատը, որը նրան ուրախացնում է, այն է, որ այսօր ունենք հասարակություն, որը զերծ կմնա կաշառքով և կեղծիքներով ընտրություններ կազմակերպելուց, անցկացնելուց և մասնակցելուց: Իրավապաշտպան կազմակերպության նախագահի կարծիքով, լավ ընտրական օրենսդրություն ունենալու նախկին բոլոր ջանքերը թեև դրական են եղել, սակայն իրականում չեն օգնել, որ ընտրությունները լավը լինեն: Մարդիկ, անկախ այդ ամենից, գնացել են նույն՝ կաշառք վերցնելու ճանապարհով: Ավելին, ըստ Ս. Մկրտչյանի, օրենքները որքան բարելավվում էին, այնքան ընտրակաշառքի չափն ավելանում էր: Բայց այսօր, եթե անգամ ընտրողին 20 000 դրամ կաշառք առաջարկվի, նա չի վերցնի, քանի որ ընտրողն այլև մերժողական է տրամադրված նման երևույթների հանդեպ:

«Մենք պետք է ողջունենք այս մարդկանց: Եվ այստեղ այնքան էլ էական չէ, թե ընտրությունները ինչ ժամկետներում են կազմակերպվելու: Նրանք, ովքեր մտածում են, թե ինչ-որ կերպ ստվեր կնետեն ընտրությունների վրա, չարաչար սխալվում են: Ես չեմ կարծում, որ իշխանամետ, ընդդիմադիր, կեղծ իշխանամետ կամ կեղծ ընդդիմադիր ուժերը մեր բոլորի վատն են ուզում: Պարզապես երկար տարիներ հասարակությանը հարմարեցրել էին իրենց ցանկություներին և շահագործել նրանց: Բայց, բարեբախտաբար, այլևս չկա այդ պատկերը: Եվ այս ֆոնին, շատ կարևոր է, որ հնարավորինս շուտ անցկացվեն ընտրությունները, քանի որ մեզ պետք է օր առաջ երկիրը տանել զարգացման ճանապարհով»,- ասաց Ս. Մկրտչյանը:

 

Արմինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով