Գ. Մակարյան «Համահարթեցումը չի լուծում աղքատության խնդիրը»

Նվազագույն կենսաթոշակը 16 000–ից 25 000 դարձնելը ոչ թե նվազագույն բազային շեմը բարձրացնելուն է վերաբերում, այլ բոլոր նրանց, ովքեր նշված գումարից քիչ կենսաթոշակ են ստանում: Այսինքն, նրանք, ովքեր մինչ այս ստանում էին, օրինակ, 24 000 դրամ, նրանց կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով, իսկ 16 000 ստացողինը՝ մոտ 9000 դրամով: Ըստ էության աշխատանքային ստաժ ունեցողների և չունեցողների միջև, կարելի է ասել, հավասարության նշան է դրվում: Ավելին, աշխատանքային ստաժ չունեցողները, փաստորեն, ավելի շահեկան վիճակում են հայտնվում, քանի որ ժամանակին հարկեր չեն վճարել պետությանը, բայց իրավունք են ստանում նույնքան գումար ստանալ պետությունից:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով, նվազագույն կենսաթոշակի չափը բարձրացնելը հստակ նպատակ է հետապնդում: Այն ուղղված է 30 % աղքատության նվազմանը, ինչը տարիներ շարունակ չի փոխվել:

«Եթե նվազագույն կենսաթոշակի չափը համեմատում ենք պարենային զամբյուղի հետ, ապա տեսնում ենք, որ դրանք իրարից բավականին հեռու թվեր են: Եվ եթե այսօր նվազագույն պարենային զամբյուղը հաշվարկվում է 32 հազար դրամ, ապա ստացվում է, որ կենսաթոշակը դրա 50 %–ն է կազմում: Նվազագույն կենսաթոշակը 25 000 դրամ սահմանելով՝ որոշակի չափով կրճատվում է այդ տարբերությունը: Եվ չի բացառվում, որ այս պահին իշխանությունները աղքատության նվազմանն ուղղված քայլն են հիմք ընդունում»,– ասաց Գ. Մակարյանը:

Ընդհանուր աղքատների թիվը 270 հազար է, որից 20 հազարն ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում, ասում է Մակարյանը: Եվ չի բացառվում, որ պետական տեսանկյունից փորձ է արվում ամենախոցելի համարվող խնդիրը լուծել, քանի որ տարիներ շարունակ հարցը լուծելու համար տարբեր ծրագրեր իրականացնելու համար հսկայական գումարներ են վատնվել, սակայն իրավիճակն ամենևին էլ չի փոխվել: Հետևաբար ներկայիս իշխանությունները որպես առաջնային քայլ փորձում են ծայրահեղ աղքատության մեջ գտնվողների խնդիրները մեղմել: Գ. Մակարյանը չբացառեց նաև, որ հաջորդ քայլով արդեն գուցե վերանայվեն ստաժի հաշվարկման մեխանիզմները, որպեսզի աշխատածների և չաշխատածների իրավունքների խախտում չլինի:

«Ես մշտապես ասել եմ, որ տնտեսական ու սոցիալական խնդիրները պետք է համատեղ լուծվեն: Սակայն որոշ դեպքերում դժվար է լինում, քանի որ մենք այսօրվա դրությամբ ծանր բեռ ունենք մեր պոչից կախված: Դա գործազրկությունն ու աղքատությունն է: Իմ կարծիքով, որոշ ժամանակ հետո կառավարությունը ստաժի հարցին էլ կանդրադառնա: Եվ չնայած սպառողական զամբյուղը գնաճի պայմաններում որոշակի փոփոխության է ենթարկվել, սակայն որքան էլ այն լինի, որոշակի ցուցանիշ է, որը զգոնության մեջ է պահում բոլորին, ինչպես նաև օգտագործվում է համեմատական վերլուծություններ իրականացնելիս»,– ասաց Գ. Մակարյանը:

Արմինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով