Գրանցվում ենք հունական դպրոցում

Հունաստանում Մայիսի 6-20ը երեխաներին դպրոցներում գրանցելու ժամանակն է։ Եթե տեղերը չեն լրացվում, կրկին հայտարարվում է ընդունելություն արդեն սեպտեմբերին։ Նույնիսկ եթե մտադիր եք փոխել բնակության հասցեն, միևնույն է մայիսն պիտի գրանցվեք մոտակա դպրոցում, հետո արդեն համակարգի ներսում փաստաթղթերը կուղարկեն նոր դպրոց։ Ի դեպ, մոտակա դպրոցի սկզբունքը գործում է նաև ուսուցիչների աշխատանքի ընդունվելու դեպքում։ Ոսումնական տարին սկսվում է  սեպտեմբերի երկրորդ, երբեմն երրորդ շաբաթից, որովհետև դեռ շոգ է։ Իսկ, ասենք, Ֆինլանդիայում աշակերտները դպրոց են գնում օգոստոսի կեսերից, քանի դեռ տաք է։ Դրա համար էլ իրենք Սեպտեմբերի 1 չունեն։

Աթենքում հանրային դպրոցների միջև էական տարբերություն գրեթե չկա։ Որպես կանոն, ընտրվում է  դպրոցը, որը ամենամոտն է տանը, կամ էլ ծնողներից մեկի աշխատատեղին, որ երեխային հետը տանի ու բերի, էդ էլ կա։

Հիմա։ Գնացել եմ, որ 6 տ․ աղջկաս գրանցեմ։ Նախ, դպրոցի անվտանգության աշխատողը մոտեցավ, ժպիտով հարցրեց՝ եկել եք գրանցվելու՞։ Դարպասը բացեց ու բացատրեց, թե ուր պիտի գնամ։ Դասամիջոց էր, բակում լիքը աշխույժ, վազվզող երեխա։ Գնացի ցույց տված ուղղությամբ, հասա․ երկու մուտք կա: Մինչև ես կորոշեմ, թե որ մուտքին նախապատվությունս տամ, մեկը շատ ջերմ բարևեց։ Մինչև ես ժպիտը դեմքիս կմտաբերեմ, թե էս կնոջը որտեղից ե՞մ ճանաչում, շարունակեց՝ եկել եք գրանցվելու, համեցեք։ Պարզվեց, որ էս սիրունիկ կինը դիմավորում էր ծնողներին ու ուղեկցում տնօրենի սենյակ։ Տնօրենն էլ բարեհամբույր դիմավորեց, ճանապարհեց։  Դիմումն էլ տվեց, որ տանը լրացնենք, հաջորդ օրը բերենք։ Աղջիկներիս դպրոցներից տուն բերելու ժամերը հարմարեցնելու խնդիր կար, դպրոցներն իրարից ահագին հեռու են։ Առաջարկեց, որ որոշենք ժամը, թե երբ պիտի երեխային դպրոցից վերցնենք (երկարօրյան վերջացնելու երկու տարբերակ կա), հետո զանգեմ, ասեմ, որ նեղություն չլինի նորից գալը։

Նույնպիսի հաճելի տպավորություն ստացել էինք նաև անցյալ տարի, երբ նախակրթարան էինք գրանցում երեխեքին։ Մի դպրոցում տեղերն արդեն լրացել էին, տնօրենը դուրս եկավ, ուղեկցեց մինչև հաջորդ դպրոցը, որտեղ դեռ ազատ տեղեր կային, ու մենք ընդունվեցինք դպրոց։ Ընթացքում աղջիկներս խաղում էին դպրոցի խաղալիքներով, վազվզում, ցատկում, ու զարմանալիորեն ոչ ոք դիտողություն չէր անում։

Լինում են դեպքեր, որ ծնողի ուզածով չի լինում։ Ասենք, հիմնական դպրոցին կից գործող նախակրթարան էինք ուզում տեղափոխել պուճուր աղջկաս, որ դասերը վերջացնեն, միաժամանակ երկուսին էլ վերցնենք, որովհետև մեծը պիտի երկարօրյա մնա։ Բայց էդպես հեշտ չէր։ Չունեն երկարօրյա, չգիտեն, կունենա, թե չէ։ «Զանգեք ուրբաթ օրը, կասենք»։ Որբաթ օրն էլ. «դեռ պարզ չի, չգիտենք, թե քանի երեխա կունենանք երկարօրյա մնացող, ընդհանրապես կունենանք, թե չէ, Ձեր հեռախոսահամարը տվեք, նորություն լինելու պես կզանգեմ, մինչև հունիսի կեսերը»։ Մի նախադասությամբ ամփոփեցի տնօրենի 15 րոպեանոց ճառը։

Բայց դե, ըստ պանգլոսականության ուսմունքի, լավ է, որ այսպես եղավ, կարող էր ավելի վատ լինել։ Փոքր աղջիկս կմնա իր դպրոցում, ու ուսուցիչներն էլ, ուրախ կլինեն, որովհետև տխրել էին, երբ իմանացան, որ պիտի տեղափոխվի։

Փաստորեն Հունաստանը Եվրոպա է։ Հիմնականում ոչ մի դասատու չի փորձում ինձ՝ ծնողիս, դաս տալ, ոչ ոք չի փորձում վզիս փաթաթել իր գործի կարևորությունը, ընդհակառակը, աշխատում են անել այնպես, որ հնարավորիս հարմար լինի ծնողներին։

 

Նաիրա Թամամյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով