Գյուղատնտեսության խնդիրները գումարվում են ու հարվածում բոլորին

Կա տեսակետ, որ հողը գյուղացուն տալով՝ իրականում նրան կրակի մեջ գցեցին: Գյուղացին հողի հետ միայնակ մնալով՝ շատ դեպքերում չի կարողանում կողմնորոշվել, թե ինչ ցանի, որպեսզի իր ծախսած գումարը կարողանա հետ բերել: Ու թեև ֆերմերը պրակտիկ առումով գիտի ինչից հետո ինչ է պետք անել, սակայն ժամանակակից շուկայական հարաբերությունների պայմաններում տարբեր որակի, գնի առաջարկներն այնքան շատ են, որ հաճախ նրանց համար էլ է դժվար լինում կողմնորոշվելը:

«Այսօր աշխարհում անընդհատ նորություններ են ի հայտ գալիս, սերմերի, հիվանդությունների և դրանց աշխարհագրության առումներով: Եվ այդ նորությունների դեմ նոր պայքարի մեթոդներ են մշակվում, որից շատ հաճախ գյուղացին անտեղյակ է լինում: Այսօր կան բազմաթիվ նորարարական մեթոդներ, որոնց մասին մարդիկ պետք է պատշաճ տեղեկացված լինեն: Առաջացած խնդիրների դեմ փորձեր անելով՝ չի կարելի պայքարել, քանի որ այն հետագայում կարող է փորձանք դառնալ ոչ միայն նույն ֆերմերի, այլև մյուսների համար»,– ասաց Հայաստանի ագրարային համալսարանի բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոնի դոցենտ Գագիկ Թովմասյանը:

Ու թեև առօրյա կյանքում շատ է խոսվում Հայաստանում գենետիկորեն մոդիֆիկացված տեսակների պտուղ–բանջարեղեն աճեցնելու և այն մասին, որ մարդիկ դրանք օգտագործելով՝ ակամայից իրենց օրգանիզմը «թունավորում» կամ հագեցնում են վտանգավոր նյութերով ու կանգնում առողջական խնդիրների առջև, սակայն չի կարելի միանշանակ պնդել, որ հայկական ողջ գյուղարտադրանքը ԳՄՕ է պարունակում:

«Մենք ունենք կարանտին ծառայություններ, որոնք նաև սահմանափակում են ԳՄՕ պարունակող սերմերի հնարավոր մուտքերը Հայաստան: Իհարկե, կան հիբրիդներ, որոնք փոփոխության են ենթարկում պտղի որակը, բայց չի կարելի ասել, որ դա համատարած բնույթ է կրում»,– ասաց Գ. Թովմասյանը:

Ինչ վերաբերում է լոլիկի ցեցին, ապա այն այս տարի բավականին «ավերածությունների» պատճառ դարձավ: Ըստ մասնագետի, աննախադեպ տաք և չորային եղանակն էր պատճառը, ինչը նպաստեց ցեցի զարգացմանը: Ի դեպ, այն մեծ խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի այլ երկրների համար նույնպես, իսկ թե ինչպես այն հասավ Հայաստան, մասնագետների համար հասկանալի է:

«Մեր դիտարկմամբ, ցեցը Հայաստան մուտք գործեց առավելապես հարևան Թուրքիայից: Հատկապես այն ընթացքում, երբ ձմռան և գարնան շրջանում բավականին ինտենսիվ կերպով Հայաստան լոլիկ էր ներմուծվում: Եվ ամենավատն այն է, որ այդ ցեցից բավականին դժվար է ազատվել: Դրա տարածման պատճառ դարձան նաև այն բուժանյութերը, որոնք հատկապես բաց դաշտի պայմաններում միշտ են դրական արդյունք ապահովում: Մյուս կողմից ցեցը բուժանյութերի տևական օգտագործման ժամանակ կայունություն է ձեռք բերում, և սա նույնպես պետք է հաշվի առնել»,– ասաց Գ. Թովմասյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով