Բացահայտում ենք մեր կողքն ապրող ու ստեղծագործող անձանց

Արթուր Սարգսյանին շատերն են ճանաչում: Նրա անցած ստեղծագործական ուղին բավականին ինքնատիպ է եղել, սկզբում նա երազել է թատերական ինստիտուտ ընդունվել, բայց դպրոցն ավարտելուց հետո, չգիտես ինչու, ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Բնութագրական մի դիտարկում․  թեև նա ընդունում է նոր տեխնոլոգիաների բերած մեծ հնարավորությունները, սակայն նախընտրում է հավատարիմ մնալ մարդկային մտքի արարման և ստեղծարար գործունեության հին մեթոդներին:

90-ական թվականներին Ուրախների և հնարամիտների ակումբում, հետո՝ 1994 թվականներից արդեն «Շարմ» ընկերության թիմի հետ նա փորձեց հայ հանդիսատեսի համար կյանքի կոչել նոր ու հետաքրքիր տարբեր նախագծեր: Փորձը վերածվեց փորձառության, այնուհետև դարձավ կյանքի ռիթմ ու այդպես շարունակվեց: Ստեղծագործական կյանքի սկզբնական շրջանում Ա. Սարգսյանը մասնակում էր «220 վոլտ», «Ուրիշ կասետ» և այլ նախագծերի, հանդես գալով թե՛ որպես սցենարիստ, թե՛ որպես դերասան: Ընկերության հետ համագործակցությունը շարունակվեց, երբ սկսվեցին ավելի խոշոր նախագծերը:

1996 թվականին նա նկարահանվեց առաջին՝ «Մեր բակը» ֆիլմում, որը դարձավ յուրաքանչյուր երևանցու կյանքի մի մասնիկը: Ի դեպ, այդ նախագծի շրջանակներում նկարահանված բոլոր ֆիլմերը մինչ օրս շարունակում են մնալ յուրաքանչյուր երևանցու լավ ու բարի հիշողությունների ամբողջի մի հատվածը: Այդ ֆիլմերը ընկերության ու նրա շուրջ հավաքված տաղանդավոր երիտասարդների համատեղ աշխատանքից ծնված առաջին լուրջ քայլերն էին կինոարտադրության մեծ աշխարհում: Դրանից հետո կյանքի կոչվեցին այլ նախագծեր, որոնց շնորհիվ ողջ թիմը հայտնի դարձավ ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Հանուն ճշմարտության նշենք, որ «Շարմ» ընկերության հաջողությունների շղթայում իրենց դերակատարումն են ունեցել բոլոր այն տաղանդավոր անհատները, որոնք իրականում անմնացորդ նվիրվել են բարձր ճաշակ և նոր ասելիք ստեղծելու դժվարին գաղափարը կյանքի կոչելուն, կարողացել են չեզոքացնել դժվարություններն ու գրել սեփական պատմությունը:

2001-2008 թվականներին Արթուր Սարգսյանը ղեկավարում էր «Շարմ հոլդինգի» ներկայացուցչությունը Մոսկվայում: Այդ տարիներին էլ կազմակերպվեցին «Երևան-Մոսկվա տրանզիտ» շարքի համերգները Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում: 2008 թվականին վերադառնալով Հայաստան՝ Ա. Սարգսյանը շարունակեց աշխատել «Շարմ հոլդինգում», ղեկավարելով պետական նշանակության կարևորագույն միջոցառումներ, որոնցից կարելի է առանձնացնել «Էրեբունի-Երևան» ամենամյա մեծ միջոցառումը: Բացի այդ նա զբաղվում էր նաև հոլդինգի կողմից իրականացվող այլ նախագծերի տեխնիկական հարցերով: Հինգ տարի անց նա տեղափոխվեց Հանրային հեռուստատեսություն, որտեղ ստանձնեց բեմադրական ստուդիայի ղեկավարի պաշտոնը:

Տարաբնույթ աշխատանքներ ղեկավարելը, սակայն, չխանգարեց նրան տարված լինելու շոու բիզնեսով: Այն եղել և շարունակում է Ա. Սարգսյանի կյանքի անբաժանելի մասը մնալ՝ որպես կյանքին գույներ հաղորդելու միջոց: «Ես չեմ պատկերացնում կյանքն առանց իմ աշխատանքի, քանի որ առանց հումորի, առանց գույների, բավականին բարդ է ապրելն ու ստեղծագործելը: Հումորն ինձ օգնել է ողջ կյանքի ընթացքում: Օգնել է նաև բավականին բարդ իրավիճակներ հաղթահարելիս, անգամ հումորից շատ հեռու մարդկանց հետ գործ ունենալիս: Շատերի կարծիքով հումորի զգացումով օժտված մարդն ավելի հեշտ է հաղթահարում դժվարությունները, բայց իրականում բոլորովին այլ է: Եվ, դա ամենևին չի նշանակում, որ հումորով մարդն ապրումներ չի ունենում, պարզապես նա փորձում է թաքցնել իր ներաշխարհում տիրող իրավիճակը»,- ասաց Ա. Սարգսյանը:

Շոու բիզնեսը նրա համար մի ուրիշ աշխարհ է, որը բազում տեսանելի և անտեսանելի դրվագներից կազմված մի երևույթի է նման: Այստեղ ևս դժվարությունները հաղթահարելուն օգնում է անսպառ հումորը, բայց լինում են պահեր, որ նույնիսկ դա չի օգնում: Իսկ հաջողության բանալին, ըստ նրա, ոչ թե պայքարն է, այլ աշխատանքին ստեղծագործաբար մոտենալը, որի արդյունքում ամեն ինչ ավելի հեշտ ու լավ է ստացվում: «Ի դեպ, պրոդյուսերի աշխատանքն ամենապատասխանատուն է: Հիմա, անշուշտ ավելի հեշտացել է այդ բնագավառի աշխատանքը, քանի որ կան կապի տարբեր միջոցներ և ինչ-որ մեկին որևէ բան հայտնելը բավականին հեշտացել է: Նախկինում դա բավականին դժվար էր: Անկեղծ ասած, ես իմ գործունեության ողջ ընթացքում մշտապես բարձր պատասխանատվությամբ եմ վերաբերվել այն աշխատանքին, որը կատարել եմ: Անգամ համերգներին դահլիճից չեմ հետևել: Համերգի ընթացքում, ինչև վերջին լույսն անջատվելը ես բավականին լարված եմ լինում: Այդ ժամանակ նույնիսկ հումորն ինձ չի օգնում, իսկ տպավորությունների մասին միշտ իմանում եմ դրա ավարտից հետո»,- ասաց մեր զրուցակիցը:

Ա․ Սարգսյանը երիտասարդներին խորհուրդ է տալիս շատ կարդալ, հատկապես դասական գրականություն: Իր սեղանի գիրքը, Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» ստեղծագործությունն է, որը շարունակ վերընթեցում է: Ամփոփելով զրույցը՝ հավելենք նաև, որ այսօր, երբ կյանքը խելահեղ արագությամբ է սլանում, պետք է ժամանակ-առ ժամանակ կանգ առնել ու շուրջը նայել, բացահայտելու համար մեր կողքին ապրող ու ստեղծագործող անհատներին: Նրանց, ովքեր մինչ օրս շարունակում են մնայուն արժեքներ ստեղծել՝ բավարարելով հայկական մշակույթի ոլորտի ներկայիս պահանջները:

Արմինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով