Բազմազավակ ընտանիքների հարցերը կարգավորելու օրենք չունենք

Պարզվում է, որ բազմազավակ ընտանիքների խնդիրները տարիներ շարունակ ոչ միայն չեն լուծվում, այլև գնալով ավելի են մեծանում: Եվ այդպես էլ հասկանալի չի դառնում, թե ծնելիությունը խթանող քարոզարշավներն ու միջոցառումներն իրականում պե՞տք են, թե՝ ոչ: Դեմոգրաֆիական տեսանկյունից, անշուշտ պետք են, սակայն անհրաժեշտ է նաև, որ պետական կառույցները նյութական օգնություն տրամադրելուց բացի կարողանան շատ այլ հարցերում նույնպես օժանդակել: Բազմազավակ ընտանիքներից շատերն այսօր երրորդ, չորրորդ և դրանից հետո ծնվող երեխաների համար տրվող 1 մլն դրամ միանվագ նպաստի հաշվին են ապրում: Եվ չնայած այդ գումարն ամբողջությամբ չի տրամադրվում ծնողին, բայց նման ընտանիքների համար այն դիտվում է որպես եկամտի աղբյուր: Ինչ վերաբերում է ամսական նպաստներին, ապա պարզվում է, որ նման ընտանիքները պետության կողմից որևէ այլ օգնություն չեն ստանում այն պարզ պատճառով, որ օրենքներով նման դրույթ ընդհանրապես սահմանված չէ:

Այսինքն, գործում է միայն երեխայի ծննդյան միանվագ նպաստն ու՝ վերջ: Ու չնայած, կրկնենք, այդ գումարն ամբողջությամբ ծնողին չի տրամադրվում, բայց, ինչպես ասում են, դա էլ բավարար է մի քանի ամիս կիսակուշտ ուտելու համար, մինչև կծնվի հաջորդ երեխան: Եվ այսպես շարունակ: Բազմազավակ մայրերի աջակցության միավորում հ/կ նախագահ Մարգարիտա Հովսեփյանը կարծում է, որ գումարն ամբողջովին ծնողին չտրամադրելն արդեն իսկ օրենքի խախտում է: Ինչ վերաբերում է բազմազավակ ընտանիքներին կարգավիճակ տալուն, ապա Հայաստանը բազմազավակ ընտանիքի մասին օրենք դեռ չի ընդունել, ինչի պատճառով էլ նման ընտանիքների խնդիրները կարգավորել հնարավոր չէ:

«Բոլոր թերությունները դրանից են սկսվում: Չկա դաշտը կարգավորող օրենք, որի պատճառով էլ բազմազավակները արդեն տարիներ շարունակ անտեսված են: Նման ընտանիքների խնդիրները հիմնականում սոցիալական են: Ծնողները չեն կարողանում աշխատանք գտնել և ինքնուրույն հոգալ իրենց ընտանիքների կարիքները, երեխաների նորմալ կրթությունն ապահովել: Խնդիրն այն է նաև, որ բազմազավակ ծնողներն իրենք էլ բավականին վատ հոգեվիճակում են գտնվում: Եվ այդ պայմաններում ինչպիսի՞ հոգեվիճակ կարող են ունենալ անչափահաս երեխաները»,– ասաց Մ. Հովսեփյանը:

Վիճակագրական տվյալների համաձայն, բազմազավակ ընտանիքների 70 %–ն աղքատ է, ինչը, ըստ կազմակերպության ղեկավարի, արդեն իսկ շատ լուրջ մարտահրավեր է պետության համար: Եվ իշխանությունները ոչ թե պետք է աչքները փակեն ու շարունակեն առաջնահերթ խնդիր չհամարել, այլ անպայման պետք է մտահոգվեն այս թվերով: «Իրականում բազմազավակ ընտանիքների խնդիրները բավականին շատ են և դուրս են գալիս միայն բազմազավակ ընտանիքի սահմանումից: Եվ եթե ծնելիության հետ կապված խնդիրներ կան երկրում, ապա հարց է ծագում, թե պետության համար միայն ծնելիության մակարդակի ա՞ճն է կարևոր»,– ասաց Մ. Հովսեփյանը:

Ի դեպ, շատ դեպքերում բազմազավակ ընտանիքները տեղեկացված չեն լինում անգամ իրենց իրավունքների մասին և շատ հաճախ չեն կարողանում նախօրոք դիմել պետական մարմիններին: Եվ ստացվում է, որ այն ծրագրերը կան, բայց ոչ միշտ են տեղ հասնում, ինչի հետևանքով չորրորդ, հինգերորդ երեխայի ծնունդը ավելի է մեծացնում սոցիալական լարվածությունը:

«Տարիներ շարունակ մենք բավականին աշխատանք են իրականացրել նման ընտանիքների հետ, բայց մինչև օրենք չընդունվի, այդ խնդիրները կշարունակեն չլուծված մնալ: Այս դաշտը կարգավորման կարիք ունի: Չնայած աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից 17 թվականին օրենքի նախագիծ ներկայացվեց, բայց քանի որ այն բազմաթիվ թերություններ ուներ, ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովը հետ ուղարկեց լրամշակման: Անկեղծ ասած՝ ես կարծում եմ, որ ավելի լավ է թեկուզ վատ, բայց օրենք լինի, որը գոնե քիչ թե շատ դաշտը կկարգավորի, քան ընդհանրապես օրենք չլինի»,– համոզված է Մ. Հովսեփյանը:

Նշենք նաև, որ Հայաստանում 15 000 բազմազավակ տնտեսություն կա, որից միայն 7000–ն է բազմազավակ ընտանիք համարվում: Նրանցից 6400–ը նպաստառու է: Ի դեպ, օրենքի նախագիծ մշակելիս հաշվի են առնվել միայն բազմազավակ ընտանիքները: Մինչդեռ քիչ չեն դեպքերը, երբ ընտանիքում կնոջ կամ ամուսնու մահից հետո նոր ամուսնությունից նորից են երեխաներ ծնվում: Ու ստացվում է, որ թեև փաստացի այդ տնտեսությունում ապրում և մեծանում են շատ երեխաներ, սակայն նրանք բազմազավակ չեն համարվում:

Համեմատելով մարզերում և մայրաքաղաքում ապրող ընտանիքների սոցիալական վիճակները, կազմակերպության ղեկավարն ասաց, որ Երևանում նրանց վիճակն ավելի բարենպաստ կարելի է համարել, քանի որ մայրաքաղաքում հնարավոր է աշխատանք գտնել, իսկ մարզերում աշխատանք գտնելու հարցը բավականին լուրջ է:

 

Արմինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով