Աֆրիկյան հասարակ սոուս գետնանուշի մածուկով

Գետնանուշի մածուկը կամ կարագը շատ համով է ոչ միայն հացին քսած կամ որպես սենդվիչի հիմք, այլև ճաշերի մեջ։ Աֆրիկյան խոհանոցում շատ կիրառական այս մթերքը սկզբից կարող է մի քիչ խորթ թվալ մեր քիմքին։ Ես փորձել եմ մայրցամաքային որոշ ուտեստներ հարմարեցնել հայկականին, ու բավականին հաջող էլ ստացվել  է։ Հիմա կներկայացնեմ ամենասովորական այս սոուսը։

 Ասեմ, որ բաղադրիչներն ու դրանց քանակը ըստ ցանկության ու աչքաչափով։

Պահանջվող մթերքերը․

1 կգ տավարի միս, եթե ոսկրոտ է, ապա մի քիչ ավելի,

1կգ հավի միս,

1 հատ գազար կամ խնձոր,

2 միջին չափի սոխ,

1 հատ միջին չափի պոմիդոր կամ լեչո,

200 գրամ տոմատի հյութ կամ կտրտած պոմիդորի պահածո կամ էլի լեչո,

2 ճաշի գդալ սոմատի թանձր մածուկ,

2 ճաշի գդալ գետանանուշի կարագ,

1 -2 ճաշի գդալ զեյթունի ձեթ,

Համեմունքներ, դափնետերև, մի երկու ճյուղ համեմ կամ մաղադանոս։

 

Տավարի միսը քիչ ջրով խաշում ենք՝ մեջը խնձոր ու դափնետերև։ Ու մինչև դա կխաշվի, հավի վրա լցնում ենք կիսալուսնաձև կտրտած սոխը, համեմունքներ, ձեթ, խառնում։ Համեմված հավը լցնում ենք հիմնական կաթսայի մեջ, ուր պիտի եփվի մեր սոուսը ու ուժեղ կրակով մի քիչ տապակում անընդհատ խառնելով, ոնց որ ասում են, մի հատ վախեցնում ենք։ Կրակը թուլացնում ենք ու ավելացնում տոմատի մածուկը, թողնում ենք մի քիչ դաղվի ու լցնում ենք թարմ պոմիդորը։ Էս պոմիդորը կարելի է քերել կամ տաք ջրով կեղևահան անել ու կտրտել։  Դրանից հետո արդեն տոմատի պահածոն կամ լեչոն ու տոմատի հյութը։ Մի հինգ րոպե եռացնում ենք։ Կարևորը, որ հավի լրիվ չեփվի։

Ես օգտագործում եմ տոմատի մածուկ, թարմ պոմիդոր, տոմատի հյութ ու կտրտած պոմիդորի պահածո։ Բայց չորս տեսակի պոմիդորի փոխարեն եթե լցնեք մի տեսակ, այսինքն՝ այն, ինչ էդ պահին կա ձեռքի տակ, ոչ մի բան էլ չի լինի։ Կարևորը համով լինի։

Հետո լցնում ենք արդեն կիսաեփ տավարի միսը, եփում մինչև գրեթե պատրաստ լինելը։ Մերոնք սիրում են, որ միսը փափուկ լինի, դրա համար էլ շատ եմ եփում։ Իսկ մսաջուրը ըստ ճաշակի ենք ավելացնում, որ շատ ջրիկ չլինի սուպի նման։ Այ էս պահին, երբ ոչ հավի միսը, ոչ էլ տավարի միսը լրիվ պատրաստ չեն, բայց հեսա- հեսա (խիստ գրական հայերեն՝ ուրորէ) պատրաստ կլինեն, ավելացնում ենք գետնանուշի մածուկը կամ կարագը։ Մածուկը լավ կլինի նախորոք ջրով բացեք, որ լավ լուծվի, կաթսայի բերանը փակ ենք եփում, թե չէ եռալիս ճաշը կցատկոտի դուրս։ Աֆրիկացիները շատ են սիրում չոր մսաջրի խորնարդիկները, ցանկության դեպքում դա էլ ավելացրեք։ Ես հազվադեպ եմ օգտագործում դրանցից։ Համեմունքներ  ենք լցնում՝ աղ, գունավոր բիբարներ, քրքում, ես սիրում եմ կարրի, եթե չունեք, խնդիր չի, լցրեք մի քիչ չաման կամ քիմոն։ Բոլոր համեմունքներն ըստ ճաշակի։ Եփում ենք մինչև պատրաստ լինելը։ Իսկ ոնց ենք հասկանում, որ պատրաստ է՞, ճիշտ է․ փրփուրն անցնում է, ճաշն էլ սկսում է փայլել։

Ուտում ենք խաշած բրնձով ու ա բարի ախորժակով։

Նաիրա Թամամյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով