Արմավենու կիրակի կամ հունական Ծաղկազարդ

Զատկի՝ լայն մասսայականություն ունեցող  տոնակատարությունների սկիզբը թերևս կարելի է համարել  Արմավենու կիրակին Κυριακή των Βαΐων (կիրյակի՛ տոն վայ՛ոն, հին հունարեն՝ արմավենու ճյուղ` η βάγια (ի վա՛յա) բառից, των βαΐων-ը հոգնակի սեռականն է, ուղղականը՝  τα βαΐα), որը հայ իրականության մեջ համընկնում է Ծաղկազարդի հետ։ Օրվա խորհուրդը Հիսուսի մուտքն է Երուսաղեմ, երբ նրան դիմավորում են արմավենու և ձիթենու դալար ճյուղերով։ Կիրակին կարող է կոչվել նաև Κυριακή Βαϊοφόρος (վայ՛ոֆո՛րոսը կամ բայ՛ոֆո՛րոսը հենց Հիսուսի մուտքն է Երուսաղեմ, էլի վերը նշված արմավենու ճյուղ բառից՚)։

Ավետարանական պատմության մեջ մարդիկ նաև իրենց շապիկներն են նետում Քրիստոսի ոտքերի տակ։ Եկեղեցու հայրերը այս գործողությունները մեկնաբանում են հետևյալ կերպ․ ձիթենու, արմավենու ճյուղերը խորհրդանշում են իմաստնություն, հաղթանակ, փառք, խաղաղություն, որոնք իր հետ բերում էր Հիսուսը։ Շապիկ նետելն են բացատրում են որպես մարմնի ազատումը մեղքերից, որոնցից Հիսուսը պիտի մաքրեր մարդկանց։ Հաղթանակն էլ մահվան հանդեպ հաղթանակն էր․ հիշենք Ղազարոսին հարություն տալը։ Հույների մոտ այս կիրակին կոչվում է նաև Ղազարոսի կիրակի  Κυριακή του Λαζάρου (կիրյակի՛ տու լազա՛րու)։

Արմավենու կիրակին հաջորդում է Ավագ շաբաթը։ Հունաստանում ընդունված է այս և հետագա բոլոր օրերին՝ Զատիկը ներառյալ, այցելել եկեղեցի։ 2019թ․հունական Ծաղկազարդը ապրիլի 21-ին էր։

vivlionorizontes.gr կայքից

Տոնին ընդունված է եկեղեցիներից տանել արմավենու, մրտենու կամ էլ դափնու ճյուղեր, ինչպես նաև այդ ճյուղերից սարքած խաչեր, որոնք զամբյուղներով դրված են սրբապատկերիների մոտ։ Մրտենին նման է դափնուն, և երկուսն էլ շատ տարածված են․ ամեն քայլափոխի կարելի է հանդիպել։ Հույները ճյուղերն ու խաչերը պահում են տանը ողջ տարին՝ մինչև հաջորդ Արմավենու կիրակի։ Նրանք հավատում են, որ այդ տերևները չարխափան, առողջարար ու պահապանիչ ազդեցություն ունեն, իսկ գյուղական վայրերում անասուններին հիվանդություններից զերծ պահելու միջոց են դիտվում։

Հին Հունաստանում ձիթենու կամ դափնու ճյուղերով ու պսակներով դիմավորում էին հաղթողներին, լինեին դրանք օլիպիական խաղերի, թե պատերազմների։  Նման սովորություն ունեցել են նաև հին հրեաները։ Հետաքրքիր է, որ թեպետ Հունաստանում, ուր ամեն քայլափոխի ձեթենիներ են, եկեղեցում ձիթենի չեն դնում։

Իսկ այն երկրներում, ուր չկան արմավենիներ կամ ձիթենիներ, մարդիկ եկեղեցուց տանում են այլ ծառի դալար ճյուղեր, ասենք՝ ուռենու, որն իր բարակ տերևներով նման է ձիթենուն։

Նախկինում եկեղեցում մարդկանց տալիս էին արմավենու ճյուղերը՝ տարբեր պատկերներով՝ ձկան, էշի, նավակի, բայց միևնույն է՝ ամենատարածվածը եղել և մնում է խաչը։  Ձուկը, նավը քրիստոնեության խորհրդանիշներն են, իսկ էշով՝ ավելի ճիշտ, ավանակով Հիսուսը մտավ Երուսաղեմ։ Ավանակը էշի քուռակն է

Մեկ այլ հետաքրքիր երևույթ ևս․ հույները Արմավենու կիրակի օրը ձուկ են ուտում, գինի խմում, յուղով  ուտեստներ պատրաստում, թեպետ դեռևս պահքի շրջան է։ Սա երևի բացատրվում է նրանով, որ հույները համադամասեր են։ Այս հարցում եկեղեցին դեմոկրատ է, բայց արգելում է մնացած ուտելիքները՝ կաթնամթերք, ձու, հավ, մսամթերք։ Բայց լավ տրամադրություն ստեղծելու համար դա էլ է հերիք։

Նաիրա Թամամյան

Գլխավոր նկարը fayscontrol.gr կայքից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով