Ավինյանի լղոզված պատասխանը զայրացրել է

Հյուսիս-հարավ մայրուղու «Կորսան Կորվիամ» իսպանական կազմակերպության ենթակապալառու 19 կազմակերպության ներկայացուցիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում: Փակել են Աշտարակ Թալին ավտոմայրուղու Ուջանի հատվածը:

Ակցիայի կազմակերպիչ, ենթակապալառու կազմակերպություններից մեկի հիմնադիր Գուրգեն Հովհաննիսյանն Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ արդեն տաս ամիս է չեն կարողանում պայմանագրով նախատեսված իրենց հասանելիք գումարները ստանալ իսպանական ընկերությունից: Խնդիրներ ունեն նաև հարկային մարմինների հետ, սակայն կառավարությունը իրենց հարցերին լղոզված պատասխաններ է տալիս, որի պատճառով էլ ենթակապալառու կազմակերպությունների ներկայացուցիչները որոշել են գնալ ծայրահեղ քայլերի:

«Անցյալ տարվա օգոստոս ամսից մինչ օրս մեր կատարած աշխատանքի դիմաց 2 միլիարդ 200 միլիոն դրամ գումարը չենք ստացել կապալառու կազմակերպությունից: Իսպանական կազակերպությունը հարցը գցում է կառավարության վրա, ասում է, որ կառավարությունն իրենց չի վճարել: Եթե վճարեն, մեր գումարները կփոխանցեն, իսկ կառավարությունից էլ ասում են, որ գումարները վճարել են: Այս հարցով հանդիպել ենք նաև Տրանսպորտի և կապի նախարարի հետ, երեկ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ այդ հարցը բարձրացվեց, բայց փոխվարչապետ Տիգրան Ավինյանինն այդպես էլ հարցին սպառիչ պատասխան չտվեց: Այդպիսի լղոզված պատասխաններից արդեն հոգնել ենք»,- ասաց Գ. Հովհաննիսյանը:

Կազմակերպության ղեկավարն ասաց նաև, որ իրենք ճանապարհի որակի համար պատասխանատվություն չեն կրում: Ընդամենը տեխնիկա և աշխատուժ են տրամադրել կապալառու կազնակերպությանը, որի դիմաց գումար չեն ստացել: Հարցը լուծելու համար բազմիցս դիմել են կառավարությանը, սակայն այդպես էլ որևէ նորմալ պատասխան չեն ստացել:

«Կառավարությունից մեզ ասում են, որ բանակցում են իսպանական կազմակերպության հետ, ելքեր են փնտրում, բայց արդեն տաս ամիս է որևէ լուծում չեն առաջարկում: Նման տեմպերով կարող են մի հինգ տարի բանակցել, բայց մենք չենք կարող այդքան սպասել: Ստանձնած պարտավորություններ ունենք, որը պետք է իրականացնենք, սակայն գումար չլինելու պատճառով, ոչ միայն խնդիրները չեն լուծվում, այլև գնալով խորանում են: Այս պահին, փաստորեն, 19 կազմակերպություն սնանկացման եզրին է կանգնած»,- ասաց Գ. Հովհաննիսյանը:

 

Արմինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով