«Առավոտից երեկո Մասիս նկարելով և վաճառելով՝ մշակույթ չի ձևավորվում»

«Հայք (հայկազուններ)» կուսակցության քաղաքապետի թեկնածու Գևորգ Հովսեփյանը լրատվամիջոցների աշխատանքը բավականին բարձր է գնահատում, քանի որ բոլորն էլ կուսակցությունների ու դաշինքների քարոզարշավն ակտիվ լուսաբանում են: Նա դժգոհ է, որ քարոզարշավը կարծես վերածվել է աղբահանության, ջրամատակարարման և այլ ծառայություններն ավելի լավ մատուցելու մրցավազքի: Մինչդեռ, ըստ նրա, դրանք Երևանի քաղաքապետարանի ուղիղ ֆունկցիաներն են, որի կողքին կան նաև շատ այլ հարցեր, ինչի մասին ոչ ոք չի խոսում: Չնայած, որ դրանց մասին նույնպես պետք է հոգ տանի տեղական ինքնակառավարման մարմինը:

«Քաղաքապետարանում կան նաև կրթության, առողջապահության, արտաքին կապերի բաժիններ, բայց որևէ մեկը չի խոսում այդ մասին: Չեն խոսում նաև մեր փլուզված, վիրավորված արժեհամակարգի մասին: Դրա փոխարեն բոլորը խոսում են աղբահանությունից, կարծես թե այլ խնդիր չունենք: Այդ է պատճառը, որ ես ընտրապայքար, որպես այդպիսին, չեմ տեսնում»,- ասաց Գ. Հովսեփյանը:

Դիտարկմանը, թե բարձրացված հարցերի շրջանակը բավական ընդգրկուն է, և դրանք քաղաքական ուժերի քարոզարշավի թեմաներից դուրս մնալով՝ ազատ են թողել այդ դաշտը, ուստի «Հայք (հայկազուններ)» կուսակցությունն այդ բացը լրացնելու ի՞նչ ծրագրեր է առաջարկում, Գ. Հովսեփյանն ասաց, որ իրենք բազում առաջարկներ ունեն, որոնք աղբից կմաքրեն ոչ միայն փողոցները, այլև մարդկանց հոգիները:

«Քառորդ դարից ավել աղբը ոչ միայն մեր փողոցներում է կուտակվել, այլև մեր հոգիներում: Լավ կլինի լրագրողները մյուս կուսակցություններին հարցնեն, թե ինչպես են իրենք վերաբերվում ԼԳԲՏ խնդիրներով զբաղվող կազմակերպությունների հովանավորներին, մարիխուանային, խաղատներին, որոնք խեղում են մեր երիտասարդների կյանքը: Ինչպես են վերաբերվում այն բանկերին, որոնք թալանել և թալանում են մեր ժողովրդին: Նման կառույցները պետք է հայտարարվեն տեռորիստական կառույցներ և դուրս շպրտվեն մեր երկրից: Առավոտից երեկո Մասիս նկարելով և այն վաճառելով` մշակույթ չի ձևավորվում: Մշակույթը հազարամյակներից եկող արժեհամակարգի զգացողության արտահայտությունն է: Եվ արդյո՞ք այն արտահայտվում է մեր մշակույթում, իհարկե՝ ոչ»,- ասաց Գ. Հովսեփյանը:

Քաղաքապետի թեկնածուի խոսքով, եթե այդ առումով մեր տեսլականը չունենանք և չհասկանանք, թե ինչ ենք ուզում վաղը, կարճ ժամանակ հետո չենք կարողանա արժեհամակարգի մասին խոսել: Եվ այդ է պատճառը, որ իրենք քաղաքապետարանի պարտականություններից բացի հանրությանն առաջարկում են երկու այլ ծրագիր ևս՝ Երևանը հայության մայրաքաղաք, Երևանը հայ ազգային արժեքների հեղափոխության մայրաքաղաք: Ի դեպ, կուսակցության ծրագիրը կազմվել է տարբեր երկրներում բնակվող հայ մասնագետների կողմից:

«Ցավալին այն է, որ Երևանը դեռևս մայրաքաղաքի հոգեվիճակ չունի: Մայրաքաղաքն ինքը պետք է այդ ամբողջ արժեքներն իր մեջ կրի, գեներացնի և բաբախող սրտի նման իր արյունատար անոթներով այն պետք է տարածի հայության մեջ: 150 հազար հայ երեխաներ ուզում են Հայաստան գալ, որպեսզի սովորեն հայերեն և ծանոթանան մեր մշակույթի հետ, բայց Երևանը ոչինչ չի անում այդ ուղղությամբ և քարի նման լուռ է: Մեր աչքի առաջ արևմտահայերենը մեռնում է, Երևանը նորից չի կարողանում ոչինչ անել: Այս և նմանօրինակ շատ խնդիրների լուծումն իր վրա պետք է վերցնի քաղաքամայր Երևանի ղեկավարությունը: Ընտրողների հետ հանդիպումների ժամանակ մարդիկ նաև նման հարցերի լուծումներն են ուզում տեսնել: Գիտեք ՀՀԿ-ն նման ծրագրեր չունե՞ր, ուներ: Բայց ո՞վ էր իրականացնում: Երևանը վերածել էին փող աշխատելու գործիքի, որի միջոցով հարստանում էին և այդ գումարը կրկին իրենց հարստանալու համար էին օգտագործում՝ փողոց նետելով մեր քաղաքացիներին» — ասաց Գևորգ Հովսեփյանը:

Նրա կարծիքով, պետք է նաև կրճատել Երևանի քաղաքապետարանի ուռճացված ապարատը, քանի որ, օրինակ, Նյու Յորքի նման հզոր բազմամիլիոնանոց քաղաքի քաղաքապետարանն ունի ընդամենը 28 աշխատակից: «Հայք (հայկազուններ)» կուսակցության թեկնածուի քաղաքապետ ընտրվելու դեպքում նպատակ ունեն նաև քաղաքապետարանի մի մասն օգտագործել որպես վարչական շենք, իսկ մյուս մասը վերածել պատկերասրահի: Բանախոսի կարծիքով, դա կարող է անգամ մայրաքաղաքի այցեքարտերից մեկը դառնալ, որտեղ երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին կներկայացվեն աշխարհահռչակ հայ նկարիչների գործերի կրկնօրինակներ:

«Այն աննպատակ միջոցառումները, որոնց ժամանակ փուչիկներ են փչվել, պայթեցվել, մարդկանց վառել, և նմանատիպ այլ միջոցառումները, որոնց վրա անիմաստ գումարներ են մսխել, պետք է վերանայվեն: Այսօր ամեն օր մարդկանց մեջ մարդկայինը ոչնչացվում է: Ուստի հարկավոր է հեռու վանել մեր միջի հրեշին ու վերգտնել մարդկայնությունը, ինչը կնպաստի հայկականության պահպանմանը, որն էլ կհանգեցնի հայության ամբողջականացմանը և մեր ազգի փրկությանը»-ասաց Գ. Հովսեփյանը:

Արմինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով