Ապրիլյան պատերազմի բոլոր հանգամանքները պիտի պարզվեն

Մինչ օրս որևէ մեկը չի մեկնաբանել, թե ինչպես պատահեց, որ 2016 թվականին ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինները հասան հայկական դիրքեր: Ինչպես պատահեց, որ կարողացան շրջանցել ականապատված տարածքները: Այս մասին նախկին իշխանությունները ոչինչ չասեցին, իսկ հերոս տղաների հաղթանակը առանց անհարմար զգալու իրենց վերագրեցին: Հաղթանակի վրա օրվա ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձեց իր ձեռքերը տաքացնել նույնիսկ անտեսելով հարցը, թե ինչու զինվորները հակառակորդի գրոհին դիմակայելու, պայքարելու, երկիրն ու իրենց պաշտպանելու համար անգամ փամուշտ չունեին:

Հարցերի հարցն այն է նաև, թե ինչ պայմաններում են զոհվել կամ ծանր վիրավորվել մեր զինվորները, ինչպես է պատահել, որ տակները ճանապարհի կեսից խափանվել են, իսկ դրանց օգնության հասած զիվորները հայտնվել հակառակորդի նշանակետում:

Այս ամենի մասին արդեն երեք տարի էբոլորը լռում են, բայց կան ականատեսներ, որոնք պարտավոր են ամեն ինչի մասին պատմել, զինված ուժերի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության իրական դեմքը ցույց տալու համար:

Չնայած այդ ամենին, մեր հերոս տղաների շնորհիվ կարողացանք հաղթել հակառակորդին և օրորոցում խեղդել նրանց նկրտումները: Սակայն, որևէ մեկը քաջություն չունեցավ ասելու, որ այդ ամենը հնարավոր դարձավ միայն ու միայն մեր ժողովրդի համախմբման ու մեր հերոս զինվորների խիզախության շնորհիվ:

Իշխանափոխությունից հետո էր, որ պետք է պարզվեր, որ նույնիսկ ռազմաճակատ ուղարկված սննդամթերքն ու նամակը չէին հասել զինվորին: Դրանից հետո էր, որ բոլորս պետք է իմանայինք, որ երկրում եղել են արտոնյալներ, որոնք զենքները տակները դրած տարիներով ապրել են, այն համարելով իրենց ավարը:

Սեփական դեմքը հասարակությունից թաքցնելու համար շատերը ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու առաջարկը որակում են ներքին թշնամիներ փնտրելու փորձ, բայց որևէ մեկը չի ասում, որ եթե այդպիսիք չկան, ապա ինչպե՞ս է պատահել, որ առանց գեներալի ուսադիրից ամաչելու զինվորին ուղարկած նամակն անգամ տարիներ հետո զինվորին չի հասել:

Եվ հարցն ամենևին էլ թշնամիներ փնտրելը չէ: Հասարակությունը պետք է անուն, ազգանունով ճանաչի և՛ իր հերոսին, և՛ իր երկրի թալանչիին, որպեսզի վաղը, մյուս օրը նրանց սերունդները կուսակցափոխ չլինեն, ու սկսեն իրենց մեծերի արածը թաքցնելու համար օրվա իշխանությունների թիկունքում թաքնվել ու այդկերպ իրենց սև գործը շարունակել:

Բացահայտման ճանապարհին բոլորովին պետք չէ մտածել, թե դեպք էր եղավ, անցավ: Ամեն ինչին պետք է համարժեք գնահատական տալ ու նաև պատմության էջերում այդ մասին գրել, որպեսզի նույնիսկ հարյուրամյակներ հետո մարդիկ դեմքով ճանաչեն, թե ով է իրենց իրական հերոսը, երկիրն ազատարգած զինվորը և ով՝ զինվորի տուշոնկա փախցնող գեներալը:

 

Արմինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով