Ահազանգ. զգուշացեք սադրիչներից

Վատ սովորություն է, թե մասնագիտական թերացում, բայց որ հասարակության շրջանում ծիլ առնող արատավոր երևույթների մասին առաջինը լրագողներն են տեղեկանում, միանշանակ է: Թեև երկրում կան նման երևույթների բացահայտմամբ զբաղվող այլ մարմիններ ևս, բայց տպավորությունն այնպիսին է, որ հոլիվուդյան կինոների նման մեր իրավապահներն էլ են շատ բաների մասին վերջում են իմանում: Մինչդեռ, աշխատանքը ճիշտ կազմակերպելու դեպքում, պատկերը բոլորովին այլ կլիներ:

Վերջին շրջանում մեր խմբագրությունն ահազանգեր է ստանում, որ մայրաքաղաքի տաքսիստները լծվել են հակաիշխանական քարոզի գործին և ուղևորների տրամադրությունները շոշափելու համար ինչ-որ կետից սկսում են խոսել օրվա իշխանությունների մասին, հետո զրույցի ուղղությունը սահուն փորձում են տանել դեպի քոչարյանական ժամանակներ: Սա սոցիոլոգիական հարցում ասվածի ամենապրիմիտիվ ձևերից մեկն է, որի ժամանակ նախ փորձում են հասկանալ ինչից է դժգոհում հասարակությունը, որպեսզի թիրախներն ընտրելիս, հնարավոր լինի ավելի համակարգված հարված հասցնել:

Հարցին չէինք անդրադառնա, եթե երևույթը չկրկնվեր այս անգամ արդեն հասարակական տրանսպորտում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն մայրաքաղաքով սկսել են շրջել մարդիկ, ովքեր հեռախոսով, կամ պարզապես բարձրաձայն սկսում են փնովել ներկա իշխանություններին: Նրանք մի քանի կանգառ երթևեկում են, իջնում են, քայլում են, հետո մեկ այլ տրանսպորտային միջոց նստում: Շատ դեպքերումէ նրանք որպես իշխանություններից նեղացածներ շնորհակալություն են հայտնում վարորդին ու չեն վճարում ուղևորավարձը, իսկ վարորդներն էլ առանց արձագանքելու շարունակում են ընթացքը:

Ականատեսներից մեկը պատմում էր, որ ուղևորները, հիմնականում չեն արձագանքում նրանց, իսկ ոստիկանական հագուստով անձանց տեսնելիս էմիսարները զգաստանում են, որպեսզի շատ աչքի չընկնեն:

Չի բացառվում, որ ուղևորներից մեկի նյարդերը տեղի տան ու փորձի կարգի հրավիրել ոտքի վրա քարոզ իրականացնողներին: Եվ այդ ժամանակ կսկսվի իսկական քաոսային իրավիճակ: Չի բացառվում նաև, որ հարցին հնչեղություն տալու համար համացանցում տեսանյութ հայտնվի, լրատվական միջոցները սկսեն գրել, թե մարդիկ զրկված են ազատ արտահայտվելու իրավունքից, ոստիկաններնը բերման են ենթարկում ազատ խոսք հնչեցնողին և այլն: Սա համարեք «սարդրանքներ հրահրելու պրակտիկա» դասագրքից մեջբերում, իսկ որ մեր երկրում սադրանքներ հրահրելու հարուստ փորձ ունեցողներ կան, կասկածել պետք չէ:

Այս ամենից հետո մնում հարցնել երկրի իրավապահներին, թե գիտե՞ն արդյոք նման երևույթի մասին, թե զբաղվածությունն այնքան շատ է, որ դեռ չեն հասցրել այս երևույթին ականատես լինել: Բայց որ հասարակության տրամադրությունների հավաքագրման ինչ-որ գործընթաց է սկսվել ու այն լուրջ ուսումնասիրության առարկա է, երկու կարծիք լինել չի կարող: Այնպես որ, հարգելի քաղաքացիներ, նման մարդկանց հանդիպելու դեպքում փորձեք չկորցնել զգոնությունը և մի տրվեք սադրանքների, իսկ մնացածը, ինչպես ասում են՝ իրավապահների գործն է:

 

Արմինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով