Աթենքում ևս աշխատավորները դուրս են եկել երթի

Ինչպես շատ երկրներում, Հունաստանում ևս նշվում է աշխատավորների միջազգային օրը: Հունաստանում այն ոչաշխատանքային է: Արհեստակցական տարբեր կազմակերպություններ, քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչներ` հիմնականում ձախ, դուրս են գալիս փողոց` իրենց համերաշխությունն արտահայտելու բոլոր աշխատավորներին և մեկ անգամ ևս հիշեցնելու իրենց իրավունքների ու պահանջների մասին:

Երթերին հաճախ կարելի է հանդիպել արդեն մոռացված քաղաքական դեմքերի: Այսպես`մի քանի տարի երթին մասնակցում էր ֆինանսների նախկին նախարար Յանիս Վարուֆակիսը, որին հույները շատ լավ են հիշում Capital controlի ժամանակներից, երբ պետական խիստ վերահսկողություն էր սահմանված բոլոր տեսակի գումարային շարժերի նկատմամբ: Դա այն ժամանակներն էին, երբ քաղաքացիներին բանկերից տրվելիք գումարի չափը սահմանափակված էր, ընդ որում, ոչ բոլոր բանկերից կարելի էր այն ստանալ: Եվ այն ոչ միայն ավանդներին էր վերաբերում, այլև աշխատավարձերին ու կենսաթոշակներին:

Ընդհանրապես Աթենքում ցույցերն ու քայլերթերը սովորական են երևույթ են: Սովորական են նաև այս կամ այն ոլորտի աշխատողների կողմից իրականացվող գործադուլները: Օրինակ` հանրային տրանսպորտի աշխատողների գործադուլները, որոնց մասին ոչ միայն նախորոք հայտարարվում է լրատվամիջոցներով, այլև հստակեցվում է  գործադուլի ժամերը:

Տրանսպորտի բողոքի ակցիաներին երբեմն մասնակցում են նաև բոլոր փոխադրամիջոցները` նույնիսկ օդանավերը: Երբեմն մասնակիորեն են դադարեցնում տրանսպորտի աշխատանքը` հարգելով մյուս քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը: Տաքսիները սովորաբար գործադուլներին չեն մասնակցում, իսկ օրերին իրենց համար շատ վաստակելու լավ առիթ է ստեղծվում:

Տարբեր ցույցերի ու հավաքների ժամանակ, ինչպես Երևանում, այնպես էլ Աթենքում, մշտապես կաթվածահար է լինում քաղաքային տրանսպորտի աշխատանքը, որն առանց այդ էլ, ճանապարհային խցանումների պատճառով,  վատ է սպասարկում իրականացնում: Այդպես է նաև այսօր՝ մայիսի 1-ին՝ աշխատավորների միջազգային օրը, երբ օրվա խորհրդի համաձայն մարդիկ հիշեցնում էին իրենց իրավուքնների մասին:

 

Նաիրա Թամամյան

Նկարը ekathimerini.com կայքից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով